Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Ընդգծելով, որ ծանոթ է երևանյան նիստի օրակարգին, նախագահը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա։

Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն, և նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև նման ձևաչափով հանդիպումների ժամանակ ոչ-պաշտոնական շփումները, որոնք նպաստում են նիստը հյուրընկալող երկիրն ավելի լավ ճանաչելուն:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները նշել են, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված՝ մասնակից երկրների համար արդիական բոլոր հարցերը, համատեղ լուծումներ գտնելու, շարժվելու առաջ և պահելով տեմպը՝ իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներում:

«Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը իրականացվող աշխատանքը կարևորել է նաև տնտեսական կյանքի ժամանակակից միտումներին համապատասխան առաջ ընթանալու տեսանկյունից, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով իրենց քաղաքացիների համար հարմարավետ կյանք և բարեկեցություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG