Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանն Անջեյ Կասպշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման ապացույցները


Հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ Պաշտպանության բանակի հրամանատարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:

Նշենք, որ Պաշտպանության բանակն այսօր հաղորդել է, որ երեկ կեսօրից հետո ադրբեջանական կողմը շփման գծի որոշ հատվածներում կրկին ակտիվություն է դրսևորել։

Իսկ երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, կիրակի օրը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ, երկուշաբթի օրն էլ շփման գոտու արևելյան ուղղությամբ կիրառել են «ՍՊԱՅԿ» հրթիռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG