Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Երեկ կեսօրից հետո շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Երեկ կեսօրից հետո Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև ականանետեր, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել», - ասված է հաղորդագրությունում:

Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:

Պաշտպանության բանակի հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը և ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջև դրված խնդիրը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, կիրակի օրը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ, երկուշաբթի օրն էլ շփման գոտու արևելյան ուղղությամբ կիրառել են «ՍՊԱՅԿ» հրթիռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG