Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հայանտառ» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:
Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 20-ին «Հայանտառ»-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10 պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են ինքնությունը չպարզված անձի կամ անձանց կողմից թվով 332 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք: Նույն օրը կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին:
Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ինքնությունը չպարզված անձինք Սպիտակի անտառպետության 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել են 408 հատ տարբեր տեսակի ծառեր, ինչը, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն, առաջացրել է առանձնապես խոշոր՝ 25 միլիոն 444 հազար 500 դրամի վնաս:
«Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների հետևանքով բնությանը և պետությանը խոշոր վնասը պատճառվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց վրա դրված անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում անտառների պահպանության և պաշտպանության վիճակը պարբերաբար հսկելու, իրենց իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումները կանխելու, նմանատիպ խախտումների մասին արձանագրություններ կազմելու և այլ պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով», - ասված է հաղորդագրությունում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս առաջացնելու և պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով («ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով») և 315-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: