Այսօր Պալերմո աշխատանքային այցով ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
Զրուցակիցները քննարկել են նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հանցանքների կանխարգելում ու հակազդեցություն» խորագրով ԵԱՀԿ համաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր։
Օրակարգում էին նաև դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։