Մատչելիության հղումներ

Ֆելգենգաուերը կոմայի մեջ է, բժիշկները համապատասխան բուժում են իրականացնում. ռադիոկայանի գլխավոր խմբագիր


Տատյանա Ֆելգենգաուեր, արխիվ
Տատյանա Ֆելգենգաուեր, արխիվ

Երեկ դանակահարված «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ, հաղորդավար Տատյանա Ֆելգենգաուերին երեկ վիրահատել են, նա գտնվում է կոմայի մեջ, բժիշկները համապատասխան բուժում են իրականացնում։ Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Լրագրողի վրա հարձակումն այսօր էլ ռուսական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից է։ Ու թեև արդեն հայտնի է, որ հարձակվողը՝ 48-ամյա գործազուրկ Բորիս Գրիցը, մեղմ ասած, հոգեկան լուրջ խնդիրներ ուներ, մեկնաբանները, սակայն, նկատում են, որ այս հանցագործությունը հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ երկրում այսօր ատելության մթնոլորտ է, և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են նախևառաջ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների եթերից հնչող պրոպագանդայի զոհ դառնում։ Երեկ նման կարծիք էին հայտնել Ռուսաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Միխայիլ Կասյանովը, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն ու ուրիշներ։

Նախօրեին «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր ցուցադրել, որում Տատյանա Ֆելգենգաուերը ներկայացված էր որպես Ռուսաստանի դավաճան։

Երեկ կեսօրին 48-ամյա Գրիցը հարձակվել էր պահակակետի աշխատակցի վրա, այնուհետև վերելակով բարձրացել ռադիոկայանի գրասենյակ ու դանակով հարվածել Տատյանա Ֆելգենգաուերի կոկորդին։

Հիշեցնենք, անցած սեպտեմբերին ռադիոկայանի մեկ այլ լրագրող՝ Յուլիա Լատինինան հեռացել էր Ռուսաստանից՝ անհայտ անձանց կողմից մի քանի անգամ հարձակման ենթարկվելուց հետո: Վերջին անգամ հարձակվողները հրկիզել էին նրա ավտոմեքենան: Կատարվածից հետո Լատինինան պարզապես վախենում է վերադառնալ Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG