Մատչելիության հղումներ

Դանակահարվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալը


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Մոսկվային քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին դանակահարած տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել: Նրան ձերբակալել ու ոստիկանությունն են հանձնել ռադիոկայանի անվտանգության ծառայության աշխատակիցները:

Ֆելգենգաուերին վիրահատել են, այժմ նրա կյանքին, բժիշկների պնդմամբ, ոչինչ չի սպառնում:

«Սա ավազակային հարձակում էր մեր լրագրողի վրա: Դանակով զինված տղամարդը նախ ներքևում հարձակվել էր անվտանգության աշխատակցի վրա, ապա մտել ռադիոկայանի սենյակներից մեկը և դանակով հարվածել Տատյանային կոկորդին», - ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Հարձակվողը մոտ քառասուն տարեկան, Վրաստանում ծնված, Իսրայելի քաղաքացի Բորիս Գրիցն է, ում արդեն հարցաքննել են։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ գոնե այս պահի տվյալներով, նա հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Նա հայտարարել է, թե «հեռազգայական կապ» ուներ հաղորդավարի հետ դեռևս 2012 թվականից, և որ Ֆելգենգաուերը նրան պարզապես հետապնդում էր որպես տղամարդու։

Տատյանա Ֆելգենգաուերի գործընկեր Օլգա Բիչկովան ասում է․ - «Ես կատարվածի բացատրությունը չունեմ: Ես չգիտեմ, թե ինչու է այդ տղամարդը հարձակվել Տանյա վրա»:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը արդեն հայտարարել է, թե հարձակումն իրականացվել է անձնական թշնամանքի հողի վրա, թեև ոստիկանությունը նշել է, որ դիտարկվում են նաև այլ վարկածներ:

Քրեական գործը հարուցվել է սպանության փորձ հոդվածով։

Ավելի վաղ՝ անցած սեպտեմբերին, ռադիոկայանի մեկ այլ լրագրող՝ Յուլիա Լատինինան հեռացել էր Ռուսաստանից անհայտ անձանց կողմից մի քանի անգամ հարձակման ենթարկվելուց հետո: Վերջին անգամ հարձակվողները հրկիզել էին նրա ավտոմեքենան: Կատարվածից հետո Լատինինան պարզապես վախենում է վեռադառնալ Ռուսաստան:

Ֆելգենգաուերի դեմ հարձակումն այսօր դատապարտել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը՝ ընդգծելով, որ չպետք է հանդուրժել լրագրողների նկատմամբ բռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG