Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ կոշտ ձևակերպումներով է խոսել Եվրամիության մասին:
«Եվրոպան պետք է խոհեմ լինի և Թուրքիային տա անդամակցության հնարավորություն, այդպես Եվրոպական միությունն իր խնդիրները կլուծի», - ասել է Էրդողանը մայրաքաղաք Անկարայում, որտեղ նախօրեին տեղի է ունեցել արդիական Բոսնիայի հիմնադիր, 14 տարի առաջ վախճանված Ալիյա Իզետբեգովիչի հիշատակին նվիրված սգո արարողություն:
«Եվրոպան մահացել է Բոսնիայում, իսկ հիմա Եվրոպայի հուղարկավորությունն է Սիրիայում, դուք պետք է գիտակցեք, որ Եվրոպայի ափ հասնող անմեղ մանուկ փախստականների դիակները եվրոպական քաղաքակրթության գերեզմանաքարերն են: Դժբախտաբար, անցած մի քանի տարում եվրոպական արժեքներն ամբողջությամբ արժեզրկվել են հենց այդ արժեքները կրողների կողմից», - հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը դատապարտել է Արևմուտքի կեցվածքը Բոսնիայի 1995 թվականի պատերազմի տարիներին:
«Նրանց կարծիքով` Բոսնիան չուներ մարդու իրավունքների, դեմոկրատիայի, ազգային ձգտումի ու ազատության իրավունք: Հիմա էլ նրանք ենթադրում են, որ դրան արժանի չեն սիրիացիները, պաղեստինցիները, լիբիացիները: Թեպետ բռնակալները փոխվում են, նրանք, ովքեր գերադասում են կողքից այդ ամենին հետևել, չեն փոխվում»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը պնդել է, որ Եվրոպան առանց Թուրքիայի կհայտնվի մեկուսացման և հուսահատության մեջ, ուստի, նախևառաջ Եվրոպային է անհրաժեշտ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը:
«Չնայած նրանք ձևացնում են, թե նման բան չկա, բայց միայն Թուրքիայի անդամակցումն է եվրոպական քրոնիկ ախտերի ճարը», - պնդել է Ռեջեփ Էրդողանը: