Մատչելիության հղումներ

Հայաստանում աճել են տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման դեպքերը․ ԽԱՊԿ


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Այս տարվա երրորդ եռամսյակում 2 լրագրող ենթարկվել է բռնության, 16-ը՝ ճնշումների: Արձանագրվել է նաև տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման 39 փաստ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ԽԱՊԿ-ի 2017 թ. երրորդ եռամսյակային զեկույցը, փաստեց՝ թեպետ հուլիսից սեպտեմբեր ժամանակահատվածը զերծ էր հասարակական-քաղաքական լարվածությունից՝ ընտրություն, ցույցեր, բողոքի ակցիաներ չկային, սակայն նույնիսկ այս պայմաններում մեդիա դաշտում աշխատողները մասնագիտական պարտականությունը կատարելիս լուրջ խոչընդոտների են բախվել:

«Հենց անպատժելիության մթնոլորտն է այդ ամեն ինչին հանգեցնում», - նշեց Մելիքյանը: - «Երբ ակնհայտ տեսնում ես, որ տեսագրություններում, ձայնագրություններում, լուսանկարներում ինչպիսի լուրջ խոչընդոտումներ են տեղի ունեցել, ինչպես է ֆիզիկական բռնության ենթարկվել օպերատորը կամ լրագրողը և դա այդպես անհետևանք է մնում, իհարկե դա ձեռքերն է ազատում այն մարդկանց, ովքեր որևէ միջոցից չեն հրաժարվում, որպեսզի իրենց սև գործը անեն»:

Նկատենք, որ նախորդ երկու եռամսյակների համեմատ՝ զեկույցի ներառած ժամանակահատվածում նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը: Առաջին եռամսյակում՝ 3, երկրորդում՝ 5, իսկ երրորդում արդեն 2 բռնության դեպք է արձանագրվել: Ի դեպ, բռնության դեպքերից մեկն առնչվում է «Ա1+»-ի աշխատակազմին, իսկ մյուս դեպքը Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանին:

Անցած ամիս, երբ Ավետիսյանը փորձել էր նկարահանել՝ ինչպես են պետական բյուջեից հատկացված փողերով անձրևոտ եղանակին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում Վանաձորում, հարձակման էր ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը:

«Ազատության» հետ զրույցում Ավետիսյանը կարծիք հայտնեց՝ առաջադրված մեղադրանքը մեղմ է և իրավապահ մարմինները անտեսել են՝ ինչու էր առհասարակ լրագրողն այդ պահին այդ վայրում և ինչ էր բացահայտում: Ըստ լրագրողի՝ հայկական իրականության մեջ այսպիսի օրինակները քիչ չեն և անպատժելիության մթնոլորտը նպաստում է խնդրի խորացմանը:

«Եթե չլինեին լրագրողական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, որոնք խստագույնս դատապարտեցին, ընդհանրապես անիմաստ կլիներ նույնիսկ այս մասին խոսել, որովհետև որևէ արձագանք չկա», - նշեց լրագրողը:

Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերից բացի զեկույցում ուշագրավ տվյալներ կան նաև տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների վերաբերյալ: Ըստ այդմ՝ գրեթե 8 անգամ աճել են իրավունքի խախտման այդպիսի դեպքերը: Եթե առաջին եռամսյակում դրանք 5-ին էին, ապա արդեն վերջին եռամսյակում՝ 39 փաստ է արձանագրվել:

Ի դեպ, վերջերս բուռն քննարկումների առարկա դարձավ Արդարադատության նախարարությունում մշակվող «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը: Զեկույցը չի շրջանցել նաև այս փաստաթուղթը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծում կան այնպիսի մոտեցումներ, որոնք անհամատեղելի են տեղեկատվության ազատության գաղափարի հետ:

«Մասնավորապես, այն մոտեցումը, որ տեղեկատվության ազատության մասին նոր օրենքը չպետք է տարածվի այն պետական մարմինների վրա, որտեղ 50-ից պակաս աշխատող կա, դա ուղղակի անընդունելի է», - պնդեց Աշոտ Մելիքյանը: - «Կամ, այն մոտեցումը, որ հարցված տեղեկությունը պետք է հանրային նշանակություն ունենա: Ամենևին ոչ: Տեղեկատվության ազատության մասին օրենքը քաղաքացու համար է: Ընդ որում, քաղաքացին պարտավոր չէ հիմնավորել, թե ինչի համար է դա ուզում: Այս առումով, եթե տեսնում ենք գործող օրենքը և համեմատում ենք նոր օրենքի նախագծի հետ, տեսնում ենք, որ վերջինը բավականին ռեգրեսիվ բնույթ ունի և անհրաժեշտ է ինչ-որ մի բան անել դրա հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG