Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է «անհամարժեք և բավականին ցավոտ»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Ըստ տարածված հաղորդագրության, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի
Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ Ադրբեջանը հայկական դիրքերի վրա երեկ արձակել է «Սպայկ» տիպի հակատանկային հրթիռ և ականանետի 5 արկ:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև նշում է, որ հայկական կողմը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից՝ հաշվի առնելով միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

«Սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը հակառակորդի նախահարձակ գործողությունները հետագայում էլ անպատասխան են մնալու», - ասված է հայտարարությունում:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը Բաքվին զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է «անհամարժեք և բավականին ցավոտ»:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ երեկ հայկական կողմից հրադադարի խախտման արդյունքում ադրբեցանցի զինվոր է զոհվել:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որեւէ կերպ չմեկնաբանեց իրավիճակը շփման գծում՝ ասելով․ - «Լրատվական ծառայությունը պատասխանել է այդ հարցին»:

Ուշագրավ է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ալիև - Սարգսյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար և լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը: Լարվածությունը, սակայն, հանդիպումից հետո չնվազեց․ հոկտեմբերի 19-ին հայկական կողմը զոհ ունեցավ շփման գծում, իսկ այսօր Ադրբեջանը հայտնեց իր զինվորի զոհվելու մասին: Հայկական կողմը, իր հերթին, նշեց, որ Ադրբեջանը երեկ կիրառել է ծանր զինատեսակներ:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով ՝ այս արկակոծումը հատկապես Ժնևի հանդիպումից հետո, հարցեր է առաջացնում․ - «Եթե համեմատենք վերջին մի քանի ամիսների հարաբերական անդորրի հետ, հրթիռակոծությումը և արկակոծումը, անկախ ծավալից, իհարկե առաջացնում է առնվազն էդ հարցը, թե Ժնևի հանդիպումը արդյոք լրիվ հակառակ էֆեկտը չի ունենում իրավիճակի վրա, քան այն, ինչ ասվում էր, օրինակ, Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ»:

Քաղաքական մեկնաբանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու պահանջը չշեշտադրվեց Ժնևի հանդիպման ընթացքում․ - «Հասկանալի է, որ հենց էդ մեխանիզմը դե յուրե ներդնելը բավական բարդ աշխարհաքաղաքական խնդիր է: Այստեղ ոչ թե Ադրբեջանի դիմադրության հարցն է միայն, այլ հենց բուն համանախագահների շրջանում կոնսենսուսի բացակայությունը: Ակնհայտ այս մեխանիզմը չի բխում Ռուսաստանի շահից, որովհետև ինչքան էլ Մոսկվան, հատկապես ապրիլի պատերազմից հետո, շահագրգռված չէ լայն ապակայունացմամբ, որովհետև Հայաստանի հետ հարաբերության մասով կարող է ունենալ խնդիրներ, միևնույն է Մոկսվան շահագրգռված չէ նաև ներկայիս իրավիճակը դե յուրե ամրագրելու և հրադադարը արդեն միջազգային պատասխանատվության տիրույթ բերելու հարցում, որովհետև այդ հանգամանքը էապես փոխելու է իրավիճակը, հակամարտության բնույթն է էապես փոխելու, և Մոսկվային զրկելու է այդ ռազմական մենեջմենտի հնարավորությունից, որ կա ղարաբաղյան հարցում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Եվ քանի դեռ Մոսկվան էդ առումով շահընկեր է Ադրբեջանին, այսինքն՝ դիրքորոշումը բխում է Ադրբեջանի շահերից, Ադրբեջանը առնվազն ունի համանախագահների շրջանում մեկ գործընկեր, որը երբեք թույլ չի տա հրադադարի մեխանիզմի դե յուրե ամրագրումը»:

Սակայն, ըստ Բադալյանի, դա չի նշանակում, որ Հայաստանը հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը չպետք է պահի օրակարգում՝ գոնե հայտարարությունների մակարդակով․ - «Վստահություն, լարվածության թուլացում, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց շատ էական է, կարծում եմ, այդ մեխանիզմների ներդրման խնդիրը պահել օրակարգում և անընդհատ խոսել դրա մասին: Հատկապես, որ տեսնում ենք, որ Ժնևում չխոսելու դեպքում իրավիճակը առանձնապես չի փոխվում և կարող է նույնիսկ Ադրբեջանին «երես տալ»»:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով, Ժնևի հանդիպումից հետո շփման գծում լարվածության որոշակի աճը վկայում է այն մասին, որ հակամարտող կողմերը միմյանց նկատմամաբ վստահություն չունեն, միջազգային հանրությունն էլ գործիքներ չունի՝ հրադադարի խախտումները կանխելու կամ զսպելու համար․ - «Նաև այսպիսի իրավիճակ էլ կա առաջին գծում՝ փոխադարձ իրար պատժելու մեխանիզմն է կիրառվում: Նույնիսկ մինչև իրենց հանդիպելն էլ, նույնիսկ նրանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ Ալիևը չի ցանկանում, որ առաջին գծում զոհեր լինեն, հստակ էր, որ նման բան չի լինի: Ժնևում պարզապես մի հանդիպում էր, ու այդպիսի հանդիպումներ վերջին 23 տարում շատ են եղել, ու երևիցե չի եղել ընդհանուր առմամբ դեպք, երբ որ հանդիպումից հետո ընդհանուր հանգիստ լինի երկարաժամկետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG