Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ այսօր ժամը 08:00-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գևորգ Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Տիգրան Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:
«Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գևորգ Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար», - ասված է հաղորդագրությունում: