Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3 հիմնական ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, նորմատիվ-օրենսդրական դաշտի արդիականացում ու կատարելագործում և Հակակոռուպցիոն խորհրդի ակտիվ աշխատանք:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանի կառավարության քայլերին, որը կարող է դրսևորվել և´ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, և´ մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով:

Դեսպանը ողջունել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը:

Նա նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ:

Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, և այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը:

«Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2 տարի առաջ մեկնարկած «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի ընթացքին: Այն մշակվել է Հայաստանի կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG