Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ երեկ հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկի հետ։
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի, Վեհափառ հայրապետն իր ուրախությունն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր կարևոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:
Գարեգին երկրորդը Գաուկին ներկայացրել է անկախացումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայ Առաքելական եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:
Զրույցի ընթացքում ընդգծվել է քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս, ասված է հաղորդագրությունում: