Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:
Ըստ հաղորդագրության, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքներում 2017 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում թվով 12 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 409 հատ տարբեր տեսակի և տրամաչափի թաց, կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերի ապօրինի հատումների և այդ տարածքների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ թույլ տրված անփութության հանցակազմի հատկանիշներ՝ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի [ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս] և 315-րդ հոդվածի 1-ին մասի [պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին] հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությանը:
Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։
Նա բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր։