Մատչելիության հղումներ

Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների. Շարմազանով


Երեկ սահմանին հնչած կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր իսկ կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կողմերն ու համանախագահները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուլացնել լարվածությունը շփման գծում։ Հայտարարությունից օրեր անց՝ երեկ ադրբեջանական կողմի կրակոցից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19-ամյա զինվոր զոհվեց։

Շարմազանովը նշեց, որ այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը։

«Լարվածության թուլացնելու մասին ընդունվել է Ժնևում համատեղ հայտարարություն։ Վերջին տարիների ընթացքում սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և նախարարությունների կողմից։ Դժբախտաբար, այս կրակոցով Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը, սրանով իսկ նա ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում և որի մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահ կողմերի և երկու բանակցող կողմերի անունից», - ասաց Շարմազանովը։

Ըստ ՀՀԿ խոսնակի, գոնե հիմա պետք է լինի միջազգային հանրության ուղիղ ու հստակ արձագանքը։

«Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլ սա կրակոց է ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ գոնե հիմա արձագանք պետք է լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Ժնևյան հանդիպման դրական կետը եղել է այն, որ հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը, մեկ տարի ավել հանդիպում չի եղել, և ես գտնում եմ, որ հանդիպելն իրոք շատ կարևոր է, և երկրորդ, ասեցի, արձանագրվեց ոչ միայն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացում, այլ նաև այդ արձանագրմանը միացավ Ադրբեջանը՝ սա շատ կարևոր եմ համարում։ Իսկ հիմա արդեն Ադրբեջանն այդպես փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից՝ այդ կրակոցով»։

Ճեպազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG