Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարները համաձայնել են նվազեցնել ֆինանսական օժանդակությունը Թուրքիային


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Համբուրգ, 6-ը հուլիսի, 2017թ․

Եվրամիության ղեկավարները համաձայնել են նվազեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, քանի որ Անկարան նահանջ է արձանագրել օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իր պարտավորություններն իրականացնելու հարցում: Այդ մասին այսօր վաղ առավոտյան հայտարարել են Եվրամիության ղեկավարները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր կոչ արել Եվրամիության առաջնորդներին կրճատել Անկարային տրամադրվող ֆինանսական միջոցները՝ Ռեջեփ Էրդողանի բռնապետական կառավարման շուրջ մտահոգությունների պատճառով: «Թուրքիայում օրենքի գերիշխանությունը սխալ ուղղությամբ է շարժվում», - հայտարարել էր կանցլերը, ժամանելով Բրյուսել՝ Եվրամիության գագաթնաժողովին:

«Ես առաջարկեցի, որ մենք քննարկենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցը: Այդ երկրում ժողովրդավարությունը նահանջ է արձանագրում, և ես դա ասում եմ ոչ միայն այնտեղ ձերբակալված գերմանացիների պատճառով: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, օրենքի գերիշխանությունը Թուրքիայում գնում է սխալ ուղղությամբ, և մենք շատ մտահոգված ենք այդ կապակցությամբ: Ես հորդորելու եմ կրճատել այն օգնությունը, որ տրամադրվում է Թուրքիային՝ անդամակցությունից առաջ», - ասել էր Մերկելը:

Եվրոպական ընտանիքի համատեղ բյուջեով նախատեսվում է հաջորդ տարի Անկարային շուրջ կես միլիարդ եվրո տրամադրել՝ բարեփոխումների նպատակով: Հիմա, սակայն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, եվրոպական երկրները քննարկում են այդ գումարը նվազեցնելու հարցը: «Հյուսիսային որոշ երկրներ, այդ թվում՝ Նիդերլանդները, փաստում են՝ այս աջակցության նպատակն էր օգնել Թուրքիային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու և Եվրամիությանը անդամակցելու հարցում, ինչը, սակայն, այլևս անիմաստ է՝ ընդդիմախոսների ու լրագրողների դեմ Թուրքիայում սկսված ճնշումներից հետո», - նշում է Reuters-ը:

Անցած տարվա հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը շուրջ 50 հազար մարդու է ձերբակալել, ևս 150 հազար քաղծառայողներ զրկվել են աշխատանքից: Իրավապաշտպանները պնդում են, թե Էրդողանն օգտագործում է արյունալի այդ իրադարձությունները՝ իր բռնապետական կառավարումն ամրապնդելու համար: «Ինչո՞ւ մենք պետք է ֆինանսավորենք քաղաքական բարեփոխումներ մի երկրում, որն այսչափ ակնառու կերպով հեռացել է ժողովրդավարությունից», - Reuters-ին ասել է Թուրքիայի հետ հարաբերություններում ներգրավված եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Այդուամենայնիվ, կառույցում առայժմ չկա մեկ միասնական դիրքորոշում Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հարցում: Լեհաստանը, Մեծ Բրիտանիան ու Շվեդիան, օրինակ, շարունակում են նախկինի նման աջակցել Թուրքիայի անդամակցությանը: Ավստրիան, մինչդեռ, պահանջում է ոչ միայն նվազեցնել Անկարային տրամադրվող ֆինանսական օգնությունը, այլև առավել կտրուկ քայլերի դիմել:

«Անհրաժեշտ է ընդհանրապես դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները Եվրամիությանը անդամակցության շուրջ», - Բրյուսել ժամանելուց առաջ Թվիթերում գրել է Սեբաստիան Կուրցը, որի կուսակցությունը անցած կիրակի հաղթեց Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով կառավարություն ձևավորելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG