Մատչելիության հղումներ

Էրդողանը Իրաքի քրդական ինքնավարությանը կոչ է անում մնալ իր սահմաններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Իրաքի քրդական ինքնավարությունը պատմական ոչ մի իրավունք չունի Քիրքուք նահանգի նկատմամբ», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Պաշտոնական Բաղդադի և քրդական ինքնավարության միջև նավթային պաշարներով հարուստ Քիրքուք նահանգի համար պայքարը սրվել է սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում կայացած հանրաքվեից հետո, որի արդյունքում մասնակիցների շուրջ 95 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը: Իրաքի կենտրոնական իշխանությունը, ինչպես նաև Թուրքիան անօրինական ու հակասահմանադրական համարեցին այդ հանրաքվեն: Օրերս Իրաքի կառավարական զորքերին հաջողվեց վերահսկողություն հաստատել վերջին երեք տարին քրդական ինքնավարության անմիջական տիրապետության տակ գտնվող Քիրքում նահանգում:

Պաշտոնական Անկարան իր աջակցությունը հայտնեց Իրաքի կենտրոնական իշխանություններին երկրի ամբողջականությունը պահպանելու և տևական խաղաղություն հաստատելու հարցում: Նախագահ Էրդողանը, քննադատելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությանը, նրանց կոչ է արել մնալ իրենց սահմաններում:

«Մի՞թե ձեր պատմությունը կապված է Քիրքուքի հետ: Ի՞նչ եք անում Քիրքուքում: Մնացեք այն շրջանում, որտեղ գտնվում է Հյուսիսային Իրաքի վարչակազմը», - հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ քրդական ինքնավարության իշխանությունները բռնություն են կիրառել Քիրքուքի բնակչության նկատմամբ և պատասխանատվություն են կրում Իրաքում տեղի ունեցած արյունահեղության համար:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան, որն ավելի վաղ աջակցում էր Իրաքի քրդական ինքնավարության իշխանություններին, այսօր ստիպված է Էրբիլի համար փակել հսկիչ անցակետերն ու օդային տարածքը: «Էրբիլից արդեն ոչ մի թռիչք հնարավոր չի լինի, քանի որ ամենակարևոր օդային տարածքում մենք ենք», - ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս, անդրադառնալով Քիրքուքի շուրջ ծավալված զարգացումներին, հայտարարել է, թե պաշտոնական Էրբիլին նախազգուշացրել էին իրենց քայլերի հնարավոր հետևանքների մասին:

«Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը սխալ հաշվարկ արեց և չլսեց մեր խորհուրդները: Մտածում էին, թե միավորելու էին քրդերին, սակայն, ցավոք, հակառակը տեղի ունեցավ: Հիմա այնտեղ մեծ քաոս ու խառնաշփոթ է տիրում», - ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Իրաքի Սահմանադրության համաձայն՝ Քիրքուքը կապված է երկրի կենտրոնական իշխանությանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել պաշտոնական Բաղդադին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG