Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացած է Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի նախագահի այն հայտարարությունից, թե «Ադրբեջանի նախագահը խորապես շահագրգռված է, որ առաջնագծում չունենանք զոհեր»։
Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ակնհայտ է, որ այդպես չի լինելու։ Ըստ պատգամավորի, Ալիևը ռազմական հանցագործ է, և նրա որևէ հայտարարության չի կարելի հավատալ։
«Ազատություն». - Տարակուսելի էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ «Ադրբեջանի նախագահը խորապես շահագրգռված է, որ առաջնագծում չունենանք զոհեր»։ Սա այն դեպքում, պարոն Մարուքյան, երբ որ այս հայտարարությունից մի քանի օր առաջ հենց հայ-ադրբեջանական սահմանին սպանվեց 19-ամյա հայ զինվոր։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը այդպիսի մի հայտարարություն անում, որը հակասության մեջ է մտնում իրականության հետ։
Մարուքյան. - Գիտեք, ես շատ զարմացած եմ այդ հայտարարությունից։ Եթե մի քանի օր անց դեպքեր տեղի ունենան սահմանում և մենք ունենանք վիրավորներ կամ զոհեր, Աստված մի արասցե, ի՞նչ պետք է ասենք այդ ժամանակ, պետք է ասենք՝ այլևս վստահ չենք, կամ չտեսանք... Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի որևէ ժեստի, որևէ հայտարարության չի կարելի հավատալ։
«Ազատություն». - Բայց Ադրբեջանի նախագահը չի արել այդ հայտարարությունը, Սերժ Սարգսյանը խոսում է Իլհամ Ալիևի անունից։
Մարուքյան. - Եթե Ալիևը մի բան է ասել, որը հիմք է ծառայել այդ հայտարարությանը, դրան չպետք է որևէ կերպ հավատալ, առավել ևս Հայաստանի նախագահը չի կարող Ադրբեջանի նախագահի անունից որևէ բան ասել, որը իրականում այդպես չի լինելու, ակնհայտ է, որ այդպես չի լինելու։
«Ազատություն». - Ինչո՞ւ է դա արվում։
Մարուքյան. - Նա ռազմական հանցագործ է, նա իր ո՞ր խոսքը պետք է պահեր։ Եվ միշտ եղել է, որ շատ կոնստրուկտիվ հանդիպում է եղել ինչ-որ տեղ, հետ է գնացել Ալիևն իր երկիր և Բաքվում ընդունել ծայրահեղ հակասության մեջ գտնվող այլ հայտարարություն, կամ ինչ-որ ասուլիսում, կամ ինչ-որ հարցազրույցում ինչ-որ ծայրահեղ բան է ասել։ Սպասեք, մոտ օրերս կլինի նման հայտարարություն, ես ուղղակի վստահ եմ։
«Ազատություն». - Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անում՝ շատ լավ, կարծում եմ, նաև գիտակցելով իրականությունը։
Մարուքյան. - Առանց մեկնաբանության: Չեմ կարող ասել, որովհետև չեմ պատկերացնում։
«Ազատություն». - Սա ինչ-որ հեռահար նպատա՞կ է հետապնդում, փորձում է այս կերպ համոզե՞լ ադրբեջանական կողմին, որ նա իսկապես շահագրգռված լինի սահմանային լարվածությունը թուլացնելու...
Մարուքյան. - Գիտեք, կա նման տակտիկա, որ երբ որ դու լավն ես խոսում, որ լավը տեղի ունենա, այսինքն՝ նրանք կաշկանդվեն։ Բայց կրկնում եմ՝ ռազմական հանցագործներն այդ ոլորտից չեն, որ նրանք կաշկանդվեն որևէ գովաբանող կամ խրախուսող հայտարարությունից, նրանք չեն կաշկանդվելու դրանով։ Նրանք կարող են կաշկանդվել միայն այն դեպքում, երբ որ Հայաստանի ռազմատնտեսական բալանսը բերվի այն մակարդակի, որը որ կզսպի Ադրբեջանին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:
Փորձագետները փաստում են՝ որևէ խոսք չկա նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասին:
Էդմոն Մարուքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.