Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը Երևանում մասնակցեց իր հեղինակած սիմֆոնիայի փորձին


Սերժ Թանկյան, Երևան, 17-ը հոկտեմբերի, 2017 թ․

Աշխարհահռչակ ռոք աստղ, SOAD (System of a Down) խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին առաջին անգամ ամբողջությամբ կհնչի հայաստանյան բեմում: Orca Symphony No 1-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում, ալբոﬕ տեսքով թողարկվել է 2013-ին:

Ստեղծագործությունը բաղկացած է չորս բաժիններից: «Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Անցած տարի ստեղծված «Համահայկական նվագախումբը» դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Թանկյանի ստեղծագործության միայն այդ մասն էր ներկայացրել այս տարվա ապրիլի 24-ին՝ Ցեղապսանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:

Արդեն երկու օրից, Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, ամերիկահայ ռոք երաժիշտի հեղինակած սիմֆոնիան ամբողջությամբ կկատարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Այսօր հերթական փորձն էր, ամերիկահայ ռոք աստղը կոնսերվատորիայի օպերային ստուդիա էր եկել ունկնդրելու՝ ինչպես է հնչում իր հեղինակած սիմֆոնիան երիտասարդների կատարմամբ: Լրագրողների հետ հանդիպում նախատեսված չէր, սակայն «Ազատությանը» հաջողվեց կարճ զրույց ունենալ Թանկյանի հետ: Երաժիշտը հակիրճ անդրադարձավ միայն այսօրվա փորձին՝ շրջանցելով քաղաքական զարգացումներին առնչվող հարցերը:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութուններից հետո սա Սերժ Թանկյանի առաջին այցն է Հայաստան: Հիշեցնենք՝ ամերիկահայ ռոք երաժիշտը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նշանավոր այլ գործիչներ, ժամանել էին Հայաստան՝ դիտարկելու 2017 թ․ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները։

Ավելի վաղ նրանք նախաձեռնել էին «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն էր՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG