Մատչելիության հղումներ

Իշխանությունը մտադիր է քրեական պատասխանատվություն սահմանել վարչական ռեսուրս չարաշահողների համար


Խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններից մոտ կես տարի անց իշխանությունները մտադրվել են վարչական և անգամ քրեական պատասխանատվություն սահմանել հանրային այն ծառայողների նկատմամբ, ովքեր նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահում թույլ կտան։

Արդարադատության նախարարության մշակած ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն, «վարչական ռեսուրսի չարաշահում» կհամարվի, եթե հանրային ծառայողը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բժշկական կազմակերպությունները, ուսումնական ու նախադպրոցական հաստատությունների աշխատողները, իրենց ծառայության համար հատկացված տարածքները, տեղեկատվական, տրանսպորտային ու ֆինանսական միջոցները ինչպես նաև նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործեն նախընտրական քարոզչություն կատարելու կամ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելու համար։ Գործող ընտրական օրենսգրքով՝ այս սահմանափակումները վերաբերում էին միան այն հանրային ծառայողներին, որոնք որպես թեկնածու մասնակցում էին ընտրություններին:

Համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը օրենքի նախագիծը դրական, բայց միևնույն ժամանակ բավական ուշացած է համարում։

«Ինքնին նախագիծը, որը մի քանի օրենքների, օրենսգրքերի փոփոխության նախագիծ է, բավականին հաջող է ու ենթադրում է, որ նաև վարչական իրավախախտում է որակվում վարչական ռեսուրսի չարաշահումը՝ կախված նրանից, թե ինչպիսին է եղել: Այս առումով հստակ դրական տեղաշարժ է, բայց ցանկալի կլիներ, որ մենք սա ունենայինք ընտրություններից առաջ, ոչ թե հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննսիյանը:

Վարչական ռեսուրսի նման չարաշահում թույլ տված անձինք կտուգանվեն մինչև 400 հազար դրամով։

Խորհրդարանական ընտրություններից առաջ Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ Քաղաքացիների միավորում» հկ-ը հրապարակեց ընտրողների ցուցակագրումը փաստող մի քանի տասնյակ դպրոցի ու մանկապարտեզի տնօրենների ձայնագրություններ։ Աղմկահարույց խոստովանությունները տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առիթ չդարձան, ավելին՝ նրանց մի մասը Իոաննիսյանի դեմ քաղհայց ներկայացրեց դատարան:

«Եթե սա լիներ ընտրություններից առաջ, ապա, օրինակ, մեր բացահայտմամբ պարզված տնօրենների գործը շատ ավելի լուրջ իրավական գնահատականի պետք է արժանանար», - ընդգծեց նա:

Համապատասխան օրենքի նախագծերի փաթեթն արդեն հրապարակվել է, առաջիկայում այն կհայտնվի խորհրդարանի օրակարգում։ Նախագծով նաև առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հանցակազմով՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը դրսևորվում է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով։ Այս արարքների համար անձը կարող է մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտվել։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լիահույս չէ, որ առաջարկվող փոփոխություններով ինչպես Արդարադատության նախարարությունն է նշում, հնարավոր կլինի արդյունավետ պայքարել վարչական ռեսուրսի չարաշահման դեմ։

«Ուղղակի ընդլայնվել է այդ վարչական ռեսուրսը չարաշահողների շրջանակը․ եթե առաջ շեշտը դրվում էր թեկնածու հանդիսացող պաշտոնատար անձանց վրա, ապա այժմ դա տարածվում է նաև բոլոր պաշտոնատար անձանց վրա: Եթե առաջ արգելված էր աշխատանքային ժամերի ընթացքում, այժմ ընդհանրապես իրավունք չեն ունենա: Դա է ավելացվել: Բայց, նորից եմ ասում, այստեղ մենք ունենք կիրարկման խնդիրը», - նշեց Հոկտանյանը:

Փոփոխությունները կյանքի կոչվելուց հետո, արդար ընտրություններ չի ակնկալում նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը։

«Իրավապահները ոչինչ մտադրված չեն բացահայտել, իրավապահները,եթե ուզեին, հանգիստ կարող էին ընտրակաշառքի դեպքերը բացահայտել՝ թե առանձին, թե մասսայական, բայց ոչինչ չարվեց: Կրկին գործը կգնա իրավապահների մոտ՝ բոլորիս համար սպասելի հետևանքներով», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով երկար սպասված այս նախագիծն ավելի ամբողջական կլիներ եթե որոշակի սահմանափակումներ մտցվեին նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուներին փոխկապակցված մասնավոր կազմակերպությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG