22 տարի Լոռու մարզի Ճոճկան գյուղի համայնքապետարանում աշխատած Սամվել Կիրակոսյանն ասում է՝ ընդդիմախոսության և տեղի իշխանությունների նկատմամբ պահանջկոտության համար իր ու գործող գյուղապետի ջրերը մի առվով չեն գնացել. չորս տարի առաջ ազատվել է աշխատանքից։
«Ընդդիմադիր հայացքերով մարդկանց ոչ մի տեղ էլ չեն ընդունում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը: - «Եթե աշխատում ես պետական հաստատությունում, նախ պետք ա Հանրապետական լինես, իսկ եթե Հանրապետական չես, պետք է լռես»:
Սամվել Կիրակոսյանը ութ տարի նաև ավագանու անդամ է եղել։ Գյուղապետի թեկնածություն է առաջադրել։ Տեղի ունեցած թե՛ տեղական և թե՛ համապետական ընտրություններին ընտրական հանձնաժողովներում ներգրավված է եղել, նաև`որպես հանձնաժողովի նախագահ։ Ներսից ու դրսից ծանոթ լինելով ընտրական պրոցեսներին` համոզվել է, որ գյուղում հարգված ու ընդունելի լինելը դեռ բավարար չէ ընտրվելու համար. - «Պետք ա մարդկանց տները գնաս, պետք ա մարդկանց կաշառես, խոստանաս, խաբես, ինչո՞ւ չէ` վախացնես մեկ-մեկ էլ... Իսկ ես չունեմ էդպիսի հատկություններ։ Ուղղակի մարդկանց սիրում եմ, ուզում եմ ազատ լինեն, աշխատեն, նրանց նեղացնող չըլի, ու, ճիշտն ասած ամենաքիչ ձայնը ես եմ հավաքել... Ուղղակի արդար, ազնիվ մարդուն չեն ընտրի էս թվին»։
Ընդամենը մեկ տարի առաջ համայնքապետ ընտրած Ճոճկանում մեկ ամսից դարձյալ ընտրություններ են։ 2200 բնակիչ ունեցող գյուղը միացրել են մոտ 3000 բնակիչ ունեցող Ախթալա քաղաքին։ Ճոճկանցիները կմասնակցեն արդեն խոշորացած համայնքի ղեկավարի ընտրություններին, որի համար թեկնածություն է առաջադրել նաև իրենց գյուղապետ Արկադի Թամազյանը։
Առաջադրված թեկնածուն մեր այցելությունից, սակայն, ուրախ չէր։ Անգամ «Ազատության» նկարահանող տեսախցիկը տեսնելուն պես թողեց իր աշխատասենյակն ու դուռը փակեց դրսից ու ասաց. - «Ես չեմ ցանկանում, մեք նկարի»:
Սոցիալական ու բնապահպանական լուրջ խնդիրներ ունեցող Ճոճկանի գյուղապետը հրաժարվեց պատասխանել «Ազատության» բոլոր հարցերին։ Գյուղում մեզ հետևում էին, իսկ գյուղացիներին հրահանգներ տալիս ամեն ինչ իշխանությունների սրտով անելու մասին։
«Ազատությունը» զրուցեց ճոճկանցիների հետ: Նրանցից շատերն ասացին, թե ընտրելու են իրենց գյուղապետին:
Հնչեց նաև այսպիսի կարծիք. - «Մարդկանց արդեն էն աստիճանի են հասցրել, որ միշտ մտածեն, որ վաղն էլ ընտրություն ընլի... միշտ ընտրություն ըլի, գնան մի կտոր թուլափայ ստանան, մի կտոր, ես չգիտեմ ինչ գրոշներ ստանան, գնան դրանով ապրեն»: