Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի»-ն «հանցագործության մասին» հաղորդում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետի և այլ պաշտոնյաների


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և Հատուկ քննչական ծառայությանը ներկայացրել է «Հաղորդում հանցագործության մասին»՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի, ավագանու անդամ Լևոն Իգիթյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանի գործողություններում առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ:

Իր հաղորդման մեջ ընդդիմադիր կուսակցությունը, թվարկելով մի շարք միջադեպեր, համոզմունք է հայտնում, որ իշխող Հանրապետական կուսակցության անդամ այս չորս գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն Քրեական օրենսգրքի հոդված 143-ով` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161-ով` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, և հոդված 258-ով՝ խուլիգանություն:

Նշելով, որ «Երկիր Ծիրանի»-ն առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը և կոռուպցիայի դեմ պայքարը, և պնդելով, որ «Երևանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է», կուսակցությունը հայտնում է, որ «մինչև օրինական իշխանության ձևավորումը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից և ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով, պատասխանատվության է կանչելու Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին, տարածման և հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG