Այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ երեկ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովում:
«Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ և այլատյաց հռետորաբանությունը», - շարունակել է Բաբլոյանը:
«Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա, և ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ, որը որևէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է», - Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Արա Բաբլոյանը:
«Այսօր մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում հայերի և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ճակատագրով: Տարածաշրջանում ահաբեկիչների կողմից ազգային և կրոնական հիմքով իրականացվող հանցագործությունները չեն խնայում մեր հայրենակիցներին՝ հայերին, ովքեր անհիշելի ժամանակներից Մերձավոր Արևելքի բազմազգ, բազմամշակույթ ներկապնակի անբաժանելի մասն են», - նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով․ - «Հայաստանը միայն Սիրիայից ընդունել է ավելի քան քսան հազար փախստական՝ դրանով իսկ դառնալով Սիրիայի փախստականներին ընդունած՝ ըստ բնակչության թվի հաշվարկի Եվրոպայի երրորդ երկիրը: Մենք փորձում ենք նաև օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում՝ ապահովելով մարդասիրական օգնության առաքում»:
«Այլ մշակույթների ոչնչացման գաղափարները չէին լինի իրագործելի, եթե անհանդուրժողականությունը և ատելությունը բազմազանության նկատմամբ այլատյաց միջավայրերում չգտնեին պարարտ հող: Ցավոք, այսօր մենք շարունակում ենք ականատեսը լինել տարբեր երկրներում քրիստոնեական, բուդդիստական և իսլամական հուշարձանների ոչնչացմանը: Վերջերս Սիրիայում ահաբեկիչների կողմից պայթեցվել է 15-րդ դարի Քառասուն նահատակների հայկական եկեղեցին», - ասել է Ազգային ժողովի նախագահը:
«Իրավիճակը սարսափելի է նաև հարևան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային և հոգևոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր և այլ սրբավայրեր: Համանման իրավիճակ է տիրում նաև Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված և հետևողականորեն ավերվել է», - ընդգծել է Արա Բաբլոյանը: