Մատչելիության հղումներ

Անկախ Ղրղըզստանում առաջին անգամ գործող նախագահը իշխանությունը փոխանցում է խաղաղ ճանապարհով


Ղրղըզստան - Սոորոնբայ Ժեենբեկովը քվեարկում է նախագահական ընտրություններում, Բիշքեկ, 15-ը հոկտեմբերի, 2017թ․
Ղրղըզստան - Սոորոնբայ Ժեենբեկովը քվեարկում է նախագահական ընտրություններում, Բիշքեկ, 15-ը հոկտեմբերի, 2017թ․

Ղրղըզստանում շաբաթներ տևած լարված նախընտրական պայքարն ավարտվեց գործող նախագահի աջակցությունը վայելող՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հաղթանակով: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ նախագահի իշխանական թեկնածուն հավաքել է ձայների շուրջ 55 տոկոսը։

«Ղրղըզստանը աշխարհին ցույց տվեց, որ մենք ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ենք և միայն մեր ժողովուրդ է ընտրում երկրի ապագան», - երեկ ուշ գիշերին հայտարարում էր մասնագիտությամբ անասնաբույծ 58-ամյա Ժեենբեկովը:

Առաջիկայում Ղրղըզստանի նախագահի պաշտոնը ստանձնող Սոորոնբայ Ժեենբեկովի գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նավթային մագնատ Օմուրբեկ Բաբանովը, ով ստացել է ձայների 33 տոկոսը, հակառակն է պնդում: «Ընտրություններն անցել են իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների պայմաններում», - հայտարարել է խորհրդարանական «Հանրապետություն-Աթա Ժուրտ» ընդդիմադիր խմբակցության առաջնորդը՝ իշխանություններին մեղադրելով իր անունը սևացնելու, իսկ իրավապահներին՝ իր դեմ աշխատելու մեջ: Բաբանովը, այդուհանդերձ, ընդունել է իր պարտությունը:

Ղրղըզստանում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները, որոնց հետևել է ավելի քան 700 միջազգային դիտորդների, համարվում են ամենաթանկարժեքը երկրի քաղաքական պատմության ընթացքում: Դրանց վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ, ամենաշատը, ըստ պաշտոնական տվյալների, ծախսել է ընդդիմադիր թեկնածուն՝ շուրջ 3 միլիոն դոլար, իշխանական թեկնածուն էլ՝ մոտ 1․5 միլիոն դոլար:

Ավելի քան 6 միլիոն բնակչություն ունեցող Ղրղըզստանում նախագահի աթոռի համար պայքարում էր ընդհանուր առմամբ 11 թեկնածու: Վեց տարի երկիրը ղեկավարող Ալմազբեկ Աթամբաևը ընտրությունների չի մասնակցել՝ Սահմանադրությունը արգելում է նույն անձին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Ի տարբերություն հարևան երկրների՝ Ղրղըզստանում օրենքը չեն փոխել առաջնորդի իշխանությունը երկարաձգելու համար, ավելին՝ Աթամբաևը հայտարարել է, թե չի հավակնում նաև վարչապետի պաշտոնին:

Այսպիսով, անկախ Ղրղըզստանի պատմության ընթացքում առաջին անգամ գործող նախագահը իշխանությունը փոխանցում է խաղաղ՝ ընտրությունների ճանապարհով:

Բայց, ինչպես նշում են փորձագետները, Կենտրոնական Ասիայի ժողովրդավարական կղզյակ համարվող Ղրղըզստանում վերջին ամիսն այնքան էլ խաղաղ չի եղել: Ընտրապայքարը լարված էր հատկապես վերջին օրերին, այն բանից հետո, երբ ընդդիմադիր թեկնածու Բաբանովը մեկնեց Ղազախստան և խնդրեց հարևան երկրի առաջնորդի՝ Նուրսուլթան Նազարբաևի աջակցությունը:

Այդ հանդիպումը դարձավ Ղրղըզստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ: Ղրղըզստանի առաջնորդը ղազախ պաշտոնակցին մեղադրեց իր երկրի ներքին կյանքին խառնվելու փորձերի մեջ: Նազարբաևի հասցեին Աթամբաևի աննախադեպ կոշտ քննադատությունը անպատասխան չմնաց. այդ ելույթից անմիջապես հետո պաշտոնական Աստանան խստացրեց Ղրղըզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրեց անցակետերում մինչ օրս շարունակվող՝ մարդկանց ահռելի կուտակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG