Ղրղըզստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովը այսօր Բիշքեկում հայտարարել է, որ ընդունում է կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
«Քվեարկությունը կայացել է, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Ես ընտրողների տված քվեների շնորհիվ գրավել եմ այն տեղը, որը գրավել եմ», - հայտարարել է Բաբանովը:
Նախնական տվյալների համաձայն, Բաբանովը ստացել է քվեների ավելի քան 33 տոկոսը` մոտ 20 տոկոսով զիջելով իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովին:
Ընդդիմադիր թեկնածուն նաև բացառել է հետընտրական բողոքի գործողությունների անցկացումը երկրում: «Ես երբեք [ուժով] չեմ գրավի իշխանությունը` ոչ հիմա, ոչ էլ ապագայում: Բացի այդ, կոչ եմ անում չհալածել այս կամ այն թեկնածուին աջակցած անձանց», - Բաբանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը: