Մատչելիության հղումներ

«Սկզբունքային ենք լինելու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման հարցում». ԼՂ նախագահ


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

«Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ», - այսօր հայտարարել է Բակո Սահակյանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

Լեռնային Ղարաբաղի նախագահը նշել է, որ պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը և անվտանգությունը, և այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:

«Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ», - ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը:

«Մենք երբեք ագրեսոր չենք եղել և չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար: Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը», - ասել է Բակո Սահակյանը:

Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ ԼՂ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ անկախությունն ու անվտանգությունն անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի պետականաշինության հիմնարար սկզբունքները:

«Ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաև համայն հայության ապագան: Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել», - ասել է Բակո Սահակյանը:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության և այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG