Միացյալ Նահանգները հորդորել է Իրաքի կենտրոնական իշխանությունների ու Քուրդիստանի զինված ուժերին խուսափել լրացուցիչ լարվածությունից: Վաշինգտոնի հայտարարությունը հաջորդել է իրաքյան ու քրդական զինված ուժերի միջև հրանոթային փոխհրաձգության մասին տեղեկություններին, որին էլ նախորդել էին քրդական վերահսկողության ներքո գտնվող և նավթով հարուստ Քիրքուք քաղաքի ուղղությամբ իրաքյան զորքերի գործողությունները:
Ժամեր առաջ տարածված Պենտագոնի հայտարարությունում նշված է, որ տարածաշրջանում բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից բխող սպառնալիքի դեմ:
Իր խորը մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը:
Իրաքյան ու քրդական ուժերի միջև բախումների մասին տեղեկությունները սկսեցին ի հայտ գալ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո, որի մասնակիցների շուրջ 93 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: