Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին այցելել է հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության, զարգացման ծրագրերի և դրանց իրագործման հարցում պետությունից աջակցության ակնկալիքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների մասին: Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում նախագահին ներկայացրել են նաև գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները: