CNN-ի նոր հետաքննությունը պնդում է՝ ամերիկյան ներքաղաքական կյանքին միջամտելու՝ ռուսական փորձերը Ֆեյսբուքով ու Թվիթերով միայն չեն սահմանափակվել։
Կրեմլի հետ կապեր ունեցող ընկերությունները նաև այլ հարթակներ, այդ թվում՝ հանրաճանաչ Pokemon Go խաղն են օգտագործել՝ հակաիշխանական ցույցեր հրահրելու, ամերիկացիներին պառակտելու ու երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:
Խոսքն անցած տարի հիմնադրված DON’T shoot us՝ «Մի կրակեք մեզ վրա» արշավի մասին է, որի նպատակն էր իբր աֆրոամերիկացիների իրավունքները պաշտպանել:
CNN-ը պնդում է, որ այն իրականում Ռուսաստանից է կառավարվել՝ սոցիալական կայքերի ու նաև Pokemon Go-ի միջոցով:
Ամիսներ շարունակ այդ կայքերը ռասայական թշնամանք են հրահրել, հորդորել են ամերիկացիներին պայքարի դուրս գալ խտրականության դեմ, ներկայացնել փաստեր ու տեսանյութեր՝ ոստիկանության կողմից սպանված անմեղ սևամորթների վերաբերյալ, և անգամ զոհերի անուններով կոչել Pokemon Go խաղի հերոսներին կամ Pokemon-ներ բռնել այն վայրերում, որտեղ ոստիկանների կողմից մարդիկ են սպանվել:
Հետաքննության համաձայն, Don’t shoot us-ը Ֆեյսբուքն օգտագործելով նաև իրական կյանքում է ցույցեր կազմակերպել. ամիսներ առաջ, օրինակ, էջի հարյուր հազարավոր հետևորդներին կոչ անելով՝ հանրահավաք անցկացնել Մինեսոթայի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ՝ 32-ամյա մի սևամորթի սպանությունից հետո:
Ֆեյսբուքն արդեն արգելափակել է նախաձեռնության էջը՝ հարյուրավոր այլ էջերի նման, պնդելով, թե այն ստեղծվել և օգտագործվել է ռուսների կողմից՝ ամերիկյան ներքաղաքական զարգացումների վրա ազդելու համար:
Նախաձեռնության ինտերնետային կայքը դեռ գործում է, ըստ հետաքննության, ի դեպ, այն գրանցված է Իլինոյսի սուպերմարկետներից մեկի հասցեով, Tumblir-ում ստեղծված էջն էլ երկարատև ընդմիջումից հետո վերջերս մեկ գրառում է արել Պաղեստինի թեմայով:
Նրանք ինտերնետում մի ամբողջ, այսպես կոչված, ցանց էին ստեղծել՝ օգտագործելով սոցիալական բոլոր հնարավոր կայքերը, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե սա իրական պայքար է՝ ստեղծված ամերիկացիների կողմից:
«Իրականում, այն կառավարվում էր դրսից՝ ինտերնետ ուսումնասիրությունների գործակալության կողմից, որը գործում է Կրեմլի հովանու ներքո», - ասում է հետաքննության հեղինակներից մեկը Դիլան Բայերսը:
Անցած հունվարին ամերիկյան լրագրողական կազմակերպություններից մեկը դիմել է Do not shoot us-ի ներկայացուցիչ Դենիել Ռիդին, ով ներկայացել է որպես կայքի գլխավոր խմբագիր:
«Աշխարհում չկա որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ այսչափ շատ մարդ է տուժում ոստիկանական բռնությունների արդյունքում», - ասել է նա` էլեկտրոնային փոստով տված հարցազրույցում:
Ռիդի պատասխանը գրված է եղել անգլերենով, սակայն ֆայլն ուղեկցող տվյալներում CNN -ը ռուսերեն "Название" բառն է գտել, փորձագետները պարզաբանել են՝ այն ամենայն հավանականությամբ ստեղծվել է համակարգչում, որի հիմնական լեզուն ռուսերենն է եղել:
Նրանք հստակ առանձնացրել են այն հարցերը, որոնք պառակտում են ամերիկացիներին, որոնք ցավոտ ու զգայուն են հասարակության համար, և երբ հաշվի ես առնում, թե ինչ ճանապարհով են մարդկանց քաջալերել փողոց դուրս գալ, ինչպես են Pokemon-ի, Ֆեյսբուքի միջոցով հրահրել ակտիվ գործողությունների դիմել, և անգամ լրատվամիջոցներին ներգրավել՝ տեղեկացնելով կազմակերպվող ակցիաների մասին, հասկանում ես, թե որքան բարդ ու խորն են եղել ռուսների ջանքերը՝ ամերիկյան ներքաղաքական կյանքին միջամտելու ուղղությամբ։
Ռուսական կողմը, մինչդեռ, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
«CNN-ի տրամաբանությամբ, աֆրոամերիկացիներն իրենց քաղաքացիական դիրքորոշման հարցում որոշում են կայացնում Pokemon խաղի արդյունքներով, ահա թե ինչ անտաղանդությամբ է հեռուստաընկերությունը մեկնաբանում ռասայական խնդիրների առկայությունը ժամանակակից նահանգներում», -ֆեյսբուքում գրել է ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: