Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում հիմնավորումները համոզիչ չէին. Արա Զոհրաբյան


Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում հիմնավորումները համոզիչ չէին։ Այսօր այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Փորձը ցույց տվեց, որ հասարակության շատ անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, կիսում են այդ տեսակետը, որ իրոք բավարար չափով հիմնավորված չէր», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Շատ երիտասարդներ կան, որ ինքնասպանության են դիմում, օրինակ, եթե վիճակագրական թվերով նայենք, այստեղ էլ պետք է միջամտենք, հասկանանք՝ ի՞նչ պետք է անենք, որ անձինք չգնան այդ քայլին։ Տվյալ դեպքում, մեր կարծիքով, այդ բավարար հիմնավորումն այստեղ չկար»։

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, կառավարությունն ավելի շատ հիմնավորում պետք է ներկայացներ՝ ավելի համոզիչ փաստարկներով և վիճակագրական թվերով։

«Նույն Սահմանադրությունը մեր ընտանիքին վերաբերվում է հատուկ վերապահումով։ Այսինքն՝ ընտանիքին համարում է բնական բջիջ և ամեն ինչի հիմքը, և իրավիճակներ կան, որ նա կոնկրետ վերաբերմունք է ցույց տվել։ Օրինակ՝ կա վկաների ինստիտուտը, որի համաձայն, եթե դու տեսար հանցագործություն, պարտավոր ես հայտնել դատարանին ճիշտը։ Այստեղ սահմանադիրն ասել է ՝չէ, եթե ընտանիքի անդամի հետ է կապված, ընտանիքի անդամը պարտավոր չէ ցուցմունք տալ իր ընտանիքի անդամի դեմ։ Նա գնացել է այն տրամաբանության, որ ավելի լավ է պահպանել այդ ընտանիքի անդամների միջև կապը, հարաբերությունը, քան, օրինակ, բացահայտել այդ հանցագործությունը։ Օրինակ, եթե միգուցե ամուսինը սպանել է հարևանին, եթե կինը գնա և ասի, ամուսինների միջև հարաբերությունները կվատանան։ Այստեղ սահմանադիրն ասել է՝ չէ, մեզ համար ավելի կարևոր է իրենց կապը։ Հիմա եթե պետությունն այսքան նրբանկատ է գտնվել ընտանիքի անդամների հարաբերությունների նկատմամբ, ապա ինչո՞ւ ենք այս դեպքում մենք նման օրինագիծ շրջանառության մեջ դնում և փորձում մտնել այդ հարաբերությունների դաշտը։ Հետևաբար, այստեղ, կարծում եմ, որ առավել շատ հիմնավորում էր պետք՝ ավելի համոզիչ փաստարկներով և վիճակագրական թվերով», - ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն անցնում են թեժ մթնոլորտում։ Քննարկման որոշ մասնակիցներ պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG