Մատչելիության հղումներ

Բաքուն հասավ նրան, որ Երևանի պահանջները «ջրվեն»․ քաղաքագետ


Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համոզմամբ, Հայաստանն այս անգամ ևս գնում է բանակցությունների չբավարարված պահանջներով։ Քաղաքագետի գնահատմամբ, Բաքուն միանշանակ բանակցությունների հարցում ավելի կոշտ դիրքորոշում ունի և հասավ նրան, որ Երևանի պահանջները «ջրվեն»։

Նշենք, որ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Ազատություն». - Որքան էլ որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պնդի, որ նախ վստահության մթնոլորտի շուրջ են բանակցություններ լինելու, այնուամենայնիվ, տարածաշրջանային վերջին այցելություններից հետո Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում հստակ նշում են, որ հենց բուն բանակցություններն են վերսկսվում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ։

Գրիգորյան. - Նախկինում եղել են դեպքեր, երբ որ Հայաստանն, օրինակ, պահանջներ է ներկայացրել։ Հիշում եք՝ մինչև Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Հայաստանը պահանջներ էր առաջ քաշել։ Մեծ հաշվով՝ այդ պահանջները չբավարարված Հայաստանը գնացել է բանակցությունների։ Այս անգամ նույնպես, կարծում եմ, որ այդպես կլինի, ու մի տեսակ տպավորություն է, որ այդ պահանջները ոչ թե կոնկրետ ուղղված են միջազգային հանրությանն, այլ ավելի շատ ուղղված են Հայաստանի հանրությանը՝ որ մենք այսպիսի պահանջներ ունենք։ Մեծ հաշվով, Ադրբեջանը հասել է նրան, որ Պետերբուրգի պայմանավորվածություններն, այսպես ասած, ջրվել են, չկա այդ պահանջների շուրջ կամ համաձայնությունների շուրջ հստակ գործընթաց, որ, օրինակ, հետաքննության մեխանիզմ ստեղծվելու է։

«Ազատություն». - Ի դեպ, այդ մասին հենց Բաքվից բավականին թափանցիկ ակնարկներ եղան, անձամբ Իլհամ Ալիևն էր ասել, որ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ նախապայմաններ էր դրել, «բայց հիմա մենք առանց նախապայմանների ենք վերսկսում բանակցությունները»։

Գրիգորյան. - Միանշանակ Ադրբեջանն այդ հարցում երևի ավելի վստահ է իրեն զգում, բանակցությունների հարցում ավելի կոշտ դիրքորոշում ունի։

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, եթե վերսկսվեն էլ բուն բանակցությունները, պարզ է, որ դրանց կմախքը լինելու են Մադրիդյան կամ Կազանյան փաստաթուղթը, որն իսկապես ենթադրում է տարածքների վերադարձ։ Դուք գիտեք, թե Հայաստանում որքան կոշտ է դրա վերաբերյալ արձագանքը՝ ընդդիմադիր որոշ շրջանակներից, չասեմ Ստեփանակերտի արձագանքը։ Որևէ իշխանություն Հայաստանում կարո՞ղ է սա հաղթահարել։

Գրիգորյան. - Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, ոչ-լեգիտիմ իշխանությունը միանշանակ դա չի կարող հաղթահարել, դրա համար Սարգսյանն ավելի շատ կփորձի լղոզել ամբողջ բանակցային գործընթացը, որևիցե քայլ չձեռնարկի, որպեսզի փորձի, այսպես ասած, խնդիրը կարգավորել, որովհետև նախ ամենակարևոր բանը՝ լեգիտիմություն չունի խնդիրը կարգավորելու, մեծ խնդիրը գալիս է դրանից։ Մյուսն այն է, որ հանրության վերաբերմունքը, եթե նայենք, շատ կոշտ է այս հարցում։

«Ազատություն». - Մոտ կես տարուց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակն է լրանում, Դուք ինչպե՞ս կամփոփեիք ղարաբաղյան հարցում նրա գործադրած ջանքերը, գուցե արդյունքնե՞ր կարող եք մատնացույց անել։

Գրիգորյան. - Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության և անվտանգության հարցում ձախողել է։ Արտաքին քաղաքականության հարցում, օրինակ, Հայաստանը երկուսուկեսից երեք տարի պատրաստվելով, որպեսզի Ասոցացման պայմանագիրը ստորագրի, ինչպես ինքն է ասում, մի գիշերվա ընթացքում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու հռչակագիրը։ Իսկ ամենամեծ ձախողումը ապրիլյան պատերազմն էր, որի ընթացքում առաջին անգամ, կարելի է ասել, 94 թվականից հետո, մենք լուրջ տարածքային կորուստներ ենք ունեցել։ Եթե նայենք ապրիլյան պատերազմից հետո, երբ որ առաջնագծում տեղադրվեցին տեսահսկող սարքերը, մեծ հաշվով նվազել են զոհերը, ու սա կարելի էր կատարել 2011-ին, 2008-ին կամ 2005-ին, բայց չի կատարվել, այդ ներդրումը չի կատարվել, որը մոտ տասնքանի միլիոն դոլարի ծախս է, բայց կատարվել է ապրիլյան պատերազմից հետո, երբ այդքան կորուստներ ունեցանք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG