Մատչելիության հղումներ

ՌԴ դրոշներն ամենայն հարգանքով են իջեցվել հյուպատոսության շենքերից. Պետդեպ


Սովետական Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին կոչ է արել բանակցություններ անցկացնել։

«Նորմալ չէ, որ աշխարհի երկու հզոր միջուկային պետությունների ղեկավարները մինչ օրս նորմալ հանդիպում չեն ունեցել՝ առանձին, լիարժեք, ոչ թե ինչ-որ միջազգային գագթնաժողովի շրջանակներում», - ասել է Գորբաչովը։

Նրա կարծիքով՝ այս հանդիպման օրակարգում նախևառաջ պետք է լինի միջուկային զեքի կրճատման թեման։ Ընդ որում հոդվածը տպագրվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական «Ռոսիյսկայա գազետա» թերթում։

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան նոր բողոք է ներկայացրել Վաշինգտոնին՝ այս անգամ այն բանի համար, որ, ռուսական կողմի պնդմամբ, Սան Ֆրանցիսկոյում ռուսական դիվանագիտական շենքերի տանիքներից հանվել են Ռուսաստանի դրոշները։ Մոսկվան պահանջել է դրոշներն անհապաղ հետ վերադարձնել։

«Սա անթույլատրելի, անհարգալից վերաբերմունք է պետական խորհրդանիշի նկատմամբ», - այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել. - «Սա արել են այն նույն մարդիկ, ովքեր ավելի վաղ ջարդել էին Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսության դարպասները, մուտքի դռները, նրանք այնտեղ իրենց օկուպանտների պես են պահել՝ նույնիսկ չեն թաքցնում, որ խուզարկել են հյուպատոսության արխիվները, իսկ սա միջազգային նորմերի խախտում է»։

Ի նշան բողոքի՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներն այսօր հրաժարվել են Միացյալ Նահանգներ գործուղումից։

Առաջինն ահազանգել էր Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանությունը։ Դեսպանության ֆեյսբուքյան էջում գրված է. - «Սան Ֆրանցիսկոյում մեր դիվանագիտական օբյեկտներից, որոնք այժմ ամերիկյան իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում, հանվել են ռուսաստանյան դրոշները։ Սա գնահատում ենք որպես ոչ-բարեկամական քայլ»։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը արձագանքել է՝ նկատելով, որ դրոշներն ամենայն հարգանքով են իջեցվել և դիվանագիտական առաքելության շենքերում են։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին ամերիկյան կողմի պահանջով փակվել էին Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսությունը, իսկ Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրի առաքելությունը։ Ռուսական կողմի պնդմամբ, այնտեղ խուզարկություններ են իրականացվել։

Ի պատասխան՝ Մոսկվան պահանջել էր, որ Միացյալ Նահանգները կրճատի Ռուսաստանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների թիվը։

Դեսպանությունը կրճատեց 755 դիվանագետի։ Այսօր Ռուսաստանում աշխատող ամերիկյան դիվանագետների թիվը 455 է։

Երեկ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ կարող է Վաշինգտոնից պահանջել Ռուսաստանում է՛լ ավելի կրճատել դիվանագետների թիվը՝ հասցնելով 300-ի: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն։

Հավելենք նաև, որ ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ կարող է լրջորեն սահմանափակել Ռուսաստանում գործող ամերիկյան լրատվամիջոցների գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG