Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախաձեռնությունը կարող է ԵՏՄ-ում վերջ դնել օնլայն գնումներին


«Գլոոբբինգ» ընկերության ֆեյսբուքյան գրառումը
«Գլոոբբինգ» ընկերության ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում օնլայն առևտրով զբաղվող ընկերություններն անհանգստացած են՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնության հետևանքով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները ևս, ըստ էության, կարող են զրկվել ոչ ԵՏՄ անդամ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից, «ինչը հիշեցնում է փակ սահմաններով խորհրդային անցյալը»:

Ռուսաստանի 2018-2020 թթ․ պետբյուջեի նախագծի համաձայն, որը ներկայացվել է Պետդումայի հաստատմանը, այդ երկրի կառավարությունն առաջարկել է 50 անգամ փոքրացնել օնլայն առևտրի այն նվազագուն ծավալը, որից մաքսատուրք չի գանձվում: Ռուսաստանի ներկայիս օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր ամիս օնլայն առևտրի միջոցով հնարավոր է առանց մաքսավճարի երկիր ներմուծել 1000 եվրոյին համարժեք ապրանք: Դմիտրի Մեդվեդևի կառավարությունն առաջարկում է 2018 թ․ հուլիսի 1-ից այդ շեմն իջեցնել 20 եվրոյի:

Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամը չէ, որ հանդես են գալիս նման նախաձեռնությամբ: Անցած տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ ՌԴ մաքսային ծառայությունը ֆինանսների նախարարությանն առաջարկել է նվազագույն շեմը 1000 եվրոյից նվազեցնել 22 եվրոյի, ինչպես հարևան Բելառուսում է:

Շուրջ երկու տարի Հայաստանում գործող «Գլոբբինգ» ընկերությունը հնարավորություն է տալիս համացանցով արտերկրից գնումներ կատարել: Ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանի խոսքով, որպեսզի Ռուսաստանի կառավարության նախաձեռնությունն աշխատի, հարկ է, որ նույն պայմանները գործեն նաև Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրներում: Քանի որ ԵՏՄ բոլոր հինգ անդամները մաքսային նույն դաշտում են, ռուսաստանցիներն օնլայն գնումներ կարող են կատարել, օգտագործելով, օրինակ, Հայաստանի տարածքը, նկատում է Հարությունյանը: Ուստի, ըստ նրա, վտանգ կա, որ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությանը կմիանան նաև ԵՏՄ մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը:

Ներկայացնելով Ռուսաստանի կառավարության այդ նախաձեռնությունը՝ «Գլոբբինգ» ընկերության ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված․ «Առաջին հետքայլը դեպի ԽՍՀՄ»: «Եթե նման օրենք ընդունվի, դա շատ կսահմանափակի մեր ազատությունը: Կոնկրետ մեր մասով գնումների ազատությունը կսահմանափակվի: Այսինքն՝ որպեսզի ես ունենամ նույն ապրանքը, ինչը կարող է ունենալ նաև ամերիկացին, ես, ինչպես 4 տարի առաջ էր, ստիպված կլինեմ այն առնել 4 անգամ թանկ գնով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Գլոբբինգ» ընկերության տնօրենը:

Հայաստանում հնարավոր է յուրաքանչյուր ամիս առանց մաքսատուրք վճարելու օնլայն գնումներ կատարել՝ չհատելով 200 հազար դրամի շեմը: Այն գերազանցելու դեպքում պետք է վճարել 22,5 տոկոսի չափով մաքսատուրք: Դավիթ Հարությունյանի խոսքով, Ռուսաստանի կառավարության այս նախաձեռնության նպատակը, թերևս, պետբյուջեն լրացուցիչ եկամուտներով ապահովելն է: «Ասել, որ ինտերնետային առևտուրը խանգարում է ավելի թանկ ապրանքների վաճառքին կամ ներքին շուկայում վաճառքին, համարժեք է, որ ասեն՝ եկեք ինտերնետը փակենք, որ հեռուստաընկերությունները զարգանան, կամ «Ֆեյսբուքը» փակենք, որ լրատվականներն ավելի շատ վաճառվեն»,- նշեց Հարությունյանը:

«Ազատությունը» երեկ գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի կառավարություն՝ խնդրելով արձագանքել հարցին՝ արդյո՞ք մտադիր են նվազեցնել համացանցով արտերկրից անմաքս գնումներ կատարելու շեմը: Պատասխան դեռ չունենք:

«Գլոբբինգի» հիմնադիրը ներկայացրեց նաև, թե որքան արագ են աճում օնլայն գնումների ծավալները Հայաստանում: Եթե 2016 թ․ հունվարին ընկերության միջոցով արված օնլայն գնումների քանակը մոտ 700 է եղել, ապա այս տարվա սեպտեմբերին ավելի քան 25 հազար՝ 35 անգամ ավելի շատ: «Մենք հավատում ենք, որ մեր կառավարությունը չի անի մի բան, որը վերաբերում է ամեն քաղաքացու»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանի խոսքով, օնլայն գնումները հատկապես միջին խավին հնարավորություն են տալիս դրամ տնտեսել: «[Շեմի նվազեցումը] շատ ծանր հետևանքներ կունենա հենց միջին խավի համար, որովհետև օնլայն առևտրից Հայաստանում հիմնականում օգտվում է միջին խավը: Հարուստները խնդիր չունեն»,- ասաց Աբգարյանը, հավելելով, թե դա կլինի «հետքայլ դեպի ԽՍՀՄ»: Բլոգերի կարծիքով, Հայաստանում օնլայն գնումները սահմանափակելու հարցում կարող են շահագրգռված լինել նաև օլիգարխները, որոնք փաստացի մենաշնորհներ ունեն ներկրման ոլորտում․ «Որպեսզի նրանց բիզնեսն էլ ավելի ծաղկի ու զարգանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG