Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Սերժ Սարգսյանը պիտի ավարտին հասցնի գործընթացը


Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում: 10-ը հոկտեմբերի, 2009 թ․

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը սկսեց Սերժ Սարգսյանը և նա էլ պետք է ավարտի այն մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը․ - «Հայաստանը տեղափոխվում է նախագահական համակարգից դեպի պառլամենտական, ուրեմն նախագահի ինստիտուտը այլ լիազորություններ կունենա, այլ ֆունկցիաներ՝ ավելի կրճատված, ավելի փոքր, գլխավոր դեմքը կլինի նոր վարչապետը, ու, ես կարծում եմ, ճիշտ է ավարտել այդ պրոցեսը հենց նույն լիազորություն ունեցող նախագահով»:

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախատեսվում էր արձանագրությունները ներկայացնել երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Հայ-թուրքական ցամաքային սահմանը, հիշեցնենք, փակ է 1993 թվականից:

Եվ չնայած գործընթացը նախատեսում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների, պաշտոնական Անկարան արձանագրությունները սկսեց կապել ղարաբաղյան հարցի հետ։

2015 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից: Իսկ այս տարվա սեպտեմբերին՝ արձանագրությունների ստորագրումից 8 տարի անց, նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը 2018-ի գարուն է մտնելու առանց այդ «սին արձանագրությունների»․ - «Թուքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»:

Սերժ Սարգսյանն ըստ էության վերջնաժամկետ ներկայացրեց հարևանին, տեղեկացնելով` պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն: Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը ավարտվում է 2018-ի ապրիլին:

Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրումից հետո՝ 2009 թվականի ապրիլին իշխանական կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ողջունում է պաշտոնական Երևանի այդ որոշումն ու կարծում, որ մինչև ապրիլ սպասելու կարիք չկա․ - «Պետք չէր այս գործընթացը այսքան երկար տևեր, որովհետև դա վտանգ է ի վերջո: Եթե ասածներս, մեկ կողմից, նախագահը կարողացավ իրականացնել, [Հայաստանը] որպես վստահելի գործընկեր ներկայացնել, բայց դա չարժեր անել այսքան մեծ, վտանգավոր ռիսկով»:

Դաշնակցությունն արձանագրությունները նախապայմաններով փաստաթուղթ է համարում ու այլընտրանք առաջարկում․ - «Սեղանին դնել մի հատ նախագիծ՝ երեք պարբերությամբ, ասում է՝ երկու պետությունները որոշել են սկսել դիվանագիտական հարաբերություններ, երկու պետությունները որոշել են բացել իրենց ճանապարհները (ոչ թե սահմանը), և երրորդ, երկու պետությունները որոշել են իրենց միջև առկա բոլոր խնդիրները կարգավորել խաղաղորեն, միջազգային իրավունքի և պրակտիկայի համաձայն: Վերջակետ: Դնենք սեղանի վրա, ժամանակ չվատնենք այլևս: Կգա մի օր իշխանություն Թուրքիայում, որ պատրաստ է ստորագրելու՝ կստորագրի: Չի գա՝ չենք ստորագրի»:

«Հայ-թուրքական մերձեցումը Երևանի համար քաղաքական այլընտրանք էր լինելու», - կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ ակնարկելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից․ - «Հայ-թուրքական սահմանի բացումը կբերեր նրան, որ մենք կունենային այլընտրանք՝ պոտենցիալ, կօգտագործեինք թե ոչ՝ ուրիշ բան է, ու դրա պատճառով Ռուսաստանի քաղաքականությունը մեր նկատմամբ կփոխվեր: Հիմա Ռուսաստանի քաղաքականությունը ակնհայտ է․ Ռուսաստանն ասում է՝ դուք տարբերակ չունեք փախչելու մեզանից»:

Ներկա փուլում, սակայն, քաղաքագետը տրամաբանական է համարում արձանագրություններից հրաժարվելու Հայաստանի դիրքորոշումն ու առաջարկում վերադառնալ, իր ձևակերպմամբ՝ «Երևանի ավանդական քաղաքականությանը»․ - «Երբ որ Հայաստանը, աշխատելով աշխարհի հետ, ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա: Ես դրա կողմնակիցը չէի, ես կողմնակից էի, որ բոլոր հարցերը լուծենք Թուրքիայի հետ երկխոսության մեջ: Բայց քանի որ Թուրքիան կոշտ ձևով կապում է մեր հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ, ունի պրիմիտիվ, միակողմանի պրոադրբեջանական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, ես համարում եմ, որ մենք պետք է վերադառնանք ավանդական քաղաքականությանը»:

Հայ-թուրքական հարաբերություններում ջերմացում Ստեփան Գրիգորյանն ակնկալում է առաջիկա 10-15 տարիների ընթացքում:

Մինչդեռ Կիրո Մանոյանի կարծիքով, մոտ ապագայում Հայաստանն ու իր արևմտյան հարևանն ընդհանուր հայտարարի գալ չեն կարող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG