Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով, Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 9-10-ը այցելում է Բրյուսել:
Կրթության և գիտության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել Horizon 2020 Policy Support Facility աջակցության գործիքի ներքո Հայաստանում ծրագրերի իրականացումը։
Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020-ը: Ծրագրին մասնակցությունը կարող է նպաստել Հայաստանի գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն, ասված է հաղորդագրությունում: