Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան․ «Ապրիլի հարցը կքննարկենք և կլուծենք ապրիլին»


Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը «Ազատության» տաղավարում, 8-ը հոկտեմբերի, 2017
Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը «Ազատության» տաղավարում, 8-ը հոկտեմբերի, 2017

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանին հարցը՝ Սերժ Սարգսյանն առաջիկա ապրիլից կհեռանա՞ իշխանությունից, թե ոչ, «այս պահին բացարձակապես չի հետաքրքում»:

«Կառավարությունը զբաղված է ներդրումների խնդրով, տնտեսական հնարավորությունների ստեղծման խնդրով, կառավարչական բազմաթիվ խնդիրներ կան: Հանրապետության նախագահն այսօր զբաղված է անվտանգության խնդրով, երկրի պաշտպանունակության, բանակի խնդիրներով, այդ բանակցային ամբողջ դաշտով: Ձեզ համար այն, ինչ պետք է ապրիլ ամսին տեղի ունենա, 6 ամիս առաջ հետաքրքրությու՞ն է ներկայացնում, օրվա խնդի՞ր է»,- «Ազատության» հետ զրույցում հարցեր հնչեցրեց Նիկոյանը:

«Մենք ունենք մեր օրվա խնդիրը: Երբ գա հասնի այն օրվա խնդիրը, այդ ժամանակ մենք մեր խնդիրը հրապարակայնորեն կքննարկենք և լուծման մասին ձեզ կասենք: Ինձ համար այդ խնդիրը հետաքրքիր կդառնա ապրիլ ամսին: Այս պահին դա կարող է ունենալ լրագրողական հետաքրքրություն, բայց ոչ քաղաքական: Հանրապետական կուսակցությունը չի կարող թողնել այսօրվա բարդ խնդիրները, որ պարտավոր է լուծել և քննարկի, թե ինչ պետք է անել ապրիլ ամսին: Ապրիլ ամսվա խնդիրները կլուծենք ապրիլ ամսին»,- շարունակեց Սամվել Նիկոյանը:

Հիշեցմանը, որ որոշ հանրապետականներ Սերժ Սարգսյանին անփոխարինելի են համարում, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը 1988 թվականից սկսած մեր երկրի՝ և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի Հանրապետության կյանքում, պատերազմից սկսած, անկախության ձեռք բերման, պետության կայացման, պաշտպանության, տնտեսության զարգացման հարցերում ունի անուրանալի ներդրում: Դա միանշանակ է: Դուք հաշվեք, արդեն 30 տարին լրանում է: Այդ առումով իհարկե՝ ես իմ գործընկերների հետ համամիտ եմ և ինքս եմ ասում, որ դա այդպես է:

Մյուս կողմից, ընդհանուր առմամբ, վարչապետների հարցով ասեմ հետևյալը․ վարչապետները կկառավարեն, թե չեն կառավարի, դա կախված է այն բանից, որ իրենց առջև, կառավարության առջև դրված խնդիրները, կլինի դա բյուջե, կլինի դա ծրագիր, իրականացնում են, թե ոչ: Եթե իրականացնում են, որևէ դեպքում, որևէ երկրում, նաև Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի դեպք, երբ հաջողություններ գրանցած վարչապետը չշարունակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG