Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ՝ Պուտինի տարեդարձի օրը, մոսկովյան հավաքը հանգիստ է անցել


Բողոքի հավաք Մոսկվայում, 7-ը հոկտեմբերի, 2017 թ․
Բողոքի հավաք Մոսկվայում, 7-ը հոկտեմբերի, 2017 թ․

Ռուսաստանում այսօր տոնում են երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հոբելյանը, նա դարձել է 65 տարեկան: Եվ մինչ ՌԴ առաջնորդն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարներից ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ էր ստանում, Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ էին անցկացվում, որոնք կազմակերպել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նրան միացել են տարբեր քաղաքական ու հասարակական ուժեր, այդ թվում՝ Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» կազմակերպությունը:

Այսօրվա միտինգներն ու երթերը հիմնականում արտոնված չեն եղել, տարբեր քաղաքներում ոստիկանութունը մի քանի տասնյակ մարդ է ձերբակալել: Մոսկովյան հավաքը հիմնականում հանգիստ է անցել: Թերևս առաջին անգամ ոստիկանությունը ՌԴ մայրաքաղաքում ուժ չի կիրառել չարտոնված հավաքի մասնակիցների նկատմամբ: Գրեթե չեն եղել ձերբակալություններ, անգամ երիտասարդների ճնշման տակ ոստիկանությունը բացել է Տվերսկայա Մախովայա փողոցների՝ մինչ այդ փակ խաչմերուկը:

Ներկայումս կալանքի տակ գտնվող Ալեքսեյ Նավալնին և նրա շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովն իրենց աջակցիներին կոչ են արել ՌԴ տարբեր քաղաքներում դուրս գալ փողոց և ցույց տալ իշխանությանը, որ «երկրում կա իրական ընդիմություն»։ Քաղաքագետ Գլեբ Պավլոսկին «Դոժդ» հեռուստաընկերության եթերում նշել է․ «Եկեք չմոռանանք, որ Մոսկվայում միտինգին չէին մասնակցում ո՛չ Նավալնիի շտաբի պետը , ո՛չ էլ ինքը՝ Նավալնին: Սա չնախապատրաստված, վատ կազմակերպված հավաք էր: Մարդիկ չէին հասկանում՝ ինչ անել, ուր գնալ»: Ըստ քաղաքագետի, Մոսկվայում բողոքի հավաքը մարդաշատ չէր, և այդ առումով, դա պարտություն էր Նավալնիի համար:

Պավլովսկու ընդգծմամբ՝ այսօրվա երթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նավալնիի հիմնական կոմղնակիցները դպրոցականներն ու ուսանողներն են, շատ երիտասարդ, բայց և շատ վճռական մարդիկ: «Այն, որ այսօր Մոսկվայում հավաքն անցել է առանց բախումների, իշխանությունների նոր ռազմավարության շնորհիվ է․.. հավանաբար նրանք չէին ուզում, որ իր ծննդյան տարեդարձի օրը Պուտինը լրահոսում կարդա՝ Կրեմլի մոտ ձերբակալել են երիտասարդների, որոնք վանկարկում էին՝ Պուտինը գող է, Պուտին հեռացիր»,- ասել է Պավլովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG