Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
Նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է․ «Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման և համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման:
Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:
Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով»:
Այսօր բոլորեց ՌԴ նախագահի 65 տարին: