Նոյեմբերի 5-ին հանրապետության 49 քաղաքներում ու գյուղերում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված համայնքի ղեկավարի 143 թեկնածուներից ընդամենը 3-ին է առաջադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մյուս թեկնածուները կամ ՀՀԿ-ից են առաջադրվել, կամ էլ ինքնաառաջադրվել են։ Այլ կուսակցություններից ընտրություններին մասնակցելու դիմումներ չկան։
Երեկ երեկոյան ավարտվել է թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Համայնքի ղեկավար դառնալու համար ամենաշատ թվով՝ 7-ական թեկնածուներ են առաջադրվել Արագածոտնի մարզի Ալագյազ և Շիրակի մարզի Անի գյուղերում։ Ընդ որում Ալագյազում առաջադրված 7 թեկնածուներից 4-ը ՀՀԿ անդամ են, սակայն բոլորն էլ ինքնաառաջադրվել են։ Շատ համայնքներում միմյանց դեմ կպայքարեն միավորված համայնքների գործող ղեկավարները։
Ենթադրվում է, որ մի շարք համայնքներում պայքարը ձևական կլինի: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում համայնքի գործող ղեկավարի դեմ առաջադրվել է նրա տեղակալը։ Միայն Ալավերդի և Ապարան քաղաքներում համայնքների գործող ղեկավարները չեն առաջադրվել։ Ալավերդիում Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջադրել Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանին, իսկ Ապարանում՝ առևտրի և սպասարկման հայտնի կենտրոնի՝ «Գնթունիկի» հիմնադիր-տնօրեն Կարեն Եղիազարյանի թեկնածությունը։ Ընդ որում, նրա դեմ առաջադրված միակ թեկնածուն նույն ընկերության հաշվապահն է։ Ալավերդու դեպքում երկրորդ թեկնածուն դեռևս բոլորին անհայտ Նիկոլայ Դավթյանն է, որն, ըստ իր դիմումի, ոչ մի տեղ չի աշխատում։
Փոքր համայնքների ներկայացուցիչները մտահոգված են, որ համայնքների խոշորացման հետևանքով իրենք դուրս են մնալու ընտրական գործընթացներից։ Լոռու մարզի 110 ընտրող ունեցող Արդվի գյուղը միավորվել է 2500-ից ավելի ընտրող ունեցող Օձունի հետ։ Օձուն համայնքի ղեկավարի համար առաջադրված բոլոր 3 թեկնածուներն էլ օձունցի են։ Արդվի գյուղի բնակիչ Սուրեն Կիրակոսյանը համեմատում ու ասում է՝ անգամ եթե հարևան գյուղերից առաջադրումներ լինեին, չէին ընտրվի։ «Արդեն իսկ շահերի խնդիր է առաջանում, ուղղակի անհավասար մրցակցություն է»,- ասում է Կիրակոսյանը:
Միավորված փոքր համայնքներից ավագանու թեկնածուներ առաջադրվել են, սակայն Սուրեն Կիրակոսյանը փոքր է համարում անգամ ավագանու անդամի ընտրվելու հավանականությունը։ Համայնքի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու ծրագրի դեմ պայքարի դուրս եկած գյուղի բնակիչը մտահոգված է, թե խոշորացած համայնքում իրենց գյուղից ավագանու անդամ չունենալու դեպքում ավագանիում դժվար թե կարողանան ազդեցություն ունենալ։
Եթե ժամանակին Արդվի համայնքի ավագանին միաձայն դեմ քվեարկեց ու մերժեց հողատարածք հատկացնել երկրաբանահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար, ապա կասկածելի է, թե նույնը տեղի կունենա Օձունի հետ գյուղի միավորումից հետո, ասում է Կիրակոսյանը․ «Քննարկում ա կատարվելու, որտեղ Արդվին ավագանի չունի, ու Արդվիի հարց են որոշում, ո՞վ պիտի պայքարի Արդվու համար»:
Հարևան Այգեհատի 19 տարվա գյուղապետ Արշակ Շահվերդյանը ևս համոզված է՝ գյուղերում, անգամ մեծ համայնք դառնալուց հետո, ընտրություններում որոշիչը ծրագրերը չեն լինելու։ «Մենք դեռ էնքան չենք զարգացել, որ կապ չունենա՝ որ համայքնի բնակիչ ես, որտեղից ես»,- ասում է Շահվերդյանը: Օձունի բնակիչներից շատերը, մինչդեռ, ասում են, թե այս ամենից գլուխ չեն հանում։ Բայց շեշտում են՝ եվրոպական չափանիշներով խոշորացվող համայնքներում դեռ եվրոպական չափանիշով ընտրություններ չեն լինում։