Մատչելիության հղումներ

«Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ ԵՏՄ բոլոր երկրների հետ». վարչապետ


Հայաստանը ապրանքաշրջանառության բարձր աճ ունի Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ։ Այդ մասին այսօր ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը։

Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների միջկառավարական բոլոր մակարդակներում տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց առկա ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել:

«Ավելին, ներուժը շատ ավելին է, քան այսօր գոյություն ունեցողը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումը կարևոր բաղադրիչ է, առավել ևս, որ վերջին շրջանում մենք Հայաստանի կառավարությունում ընդգծել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում», - նշել է Կարապետյանը:

Ըստ վարչապետի, Հայաստանը՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել բարեկամների համար և դիտարկվել ոչ միայն որպես զուտ հայաստանյան ներքին շուկա, այլև որպես հարթակ՝ հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։

«Առաջիկայում մենք ավարտում են Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները և իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանին հատուկ ռեժիմի մասով: Հայաստանն այսօր ունի GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ՝ համապատասխանաբար ԵՄ երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում ճիշտ կլինի քննարկել նաև այս աշխատանքներում մեր երկրների մասնակցության հեռանկարները», - ասել է վարչապետը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի շրջանակում անցկացվելու են թեմատիկ նիստեր՝ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և հումանիտար ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու, այս մակարդակում ինտեգրացիոն գործընթացները խթանելու վերաբերյալ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG