Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով փաստաբանը պահանջում է նիստի տեսաձայնագրության թույլտվություն


«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ պահանջելով տեսաձայնագրության թույլտվություն։

Նշենք, որ դատավարությունը հասել է վկաների հարցաքննության փուլին, և դատարանն արգելել է և՛ տեսաձայնագրությունը, և՛ նիստերից ուղիղ հեռարձակումը։

«Այն հիմքը, որով դատարանը որոշել էր սահմանափակել [տեսաձայնագրությունը], օրենքից չէր բխում, և դատավորը դրանով իրավաչափ որևէ նպատակ չէր հետապնդում։ Դա ակնհայտ է բոլորի համար, որ դա քաղաքական ենթատեքստ ունի՝ չեն ցանկանում, որպեսզի հանրությունը տեղեկանա գործի մասին։ Ցավալիորեն դատարանը մերժեց մեր այդ միջնորդությունը, թեև հաստատապես պնդում եմ, որ դա օրենքից չի բխում», - «Ազատություն» հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Պապիկյանը նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազներից Պետրոս Պետրոսյանին։

«Միջնորդել են, որ դատարանը որոշում կայացնի այն հիմքով, որ նախորդ դատական նիստի ժամանակ իմ պաշտպանյալ Ներսես Պողոսյանից գրեթե, ներողություն այս բառի համար, տղայական բացատրություն էր պահանջում՝ նրան «արայով» դիմելով», - ասաց Պապիկյանը։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի:

Գործով անցնող 14 վկաներից մինչև այժմ դատարանում հարցաքննվել են 6-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG