Այսօր Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը:
Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա, միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաև նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան և օտարերկրյա կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Նախագահը շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական և օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:
Այնուհետև նախագահն «Ալեքս տեքստիլ» ընկերությունում ներկա է գտնվել նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նորաբաց արտադրամասում շրջայցից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին և դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազար քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 միլիոն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3 հազար նոր աշխատատեղ։
Նախագահը եղել է նաև ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 միլիոն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը:
«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաև գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 միլիոն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանները։
Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի, Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները, ընկերությունը ծրագրում է նաև Մասիսում ստեղծել բամբակե թելի ֆաբրիկա։