Մատչելիության հղումներ

Ըստ ԱԺ-ում քննարկվող օրինագծի, Ռուսաստանը կարող է հսկողություն իրականացնել Հայաստանին վաճառած ռազմատեխնիկայի նկատմամբ


Ռուսաստանը կարող է հսկողություն իրականացնել իր կողմից Հայաստանին վաճառված ռազմատեխնիկայի նկատմամբ։ Համապատասխան օրենքի նախագիծը քննադատության արժանացավ խորհրդարանական ընդդիմության կողմից։

Խոսքը դեռևս 2013 թվականի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագրի վավերացման մասին է, որի առաջին հոդվածը սահմանում է․ «Պայմանագրի շրջանակներում ռազմատեխնիկա մատակարարող կողմը իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ գնորդ կողմը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, այս համաձայնագրով Հայաստանը հերթական անգամ զիջում է իր ինքնիշխանության մի մասը․ - «Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են ըլնում, որ ուզում են գլուխ գովան, ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռիցդ կտանեմ: Հիմա էս պայմանագրերով և ընդհանրապես վերջին քսան-քսանհինգ տարվա ընթացքում Ռուսաստանը հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզնից տանում ա: Ու մենք էլ սենց նայել են․ հա, միջազգային պրակտիկա ա, նորմալ ա, ընդունված ա և այլն: Ի՞նչն ա ընդունված»:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, սպառազինության նկատմամբ ռուսական կողմի հսկողությունը կարող է կաշկանդել հայկական զինված ուժերին ինքնուրույն որոշում կայացնել ռազմատեխնիկան օգտագործելիս․ - «Ինչի՞ մասին է էս համաձայնագիրը: Որ Ռուսաստանը պետք ա գա և վերահսկի՝ մեզ մատակարարված «Իսկանդերը» տեղո՞ւմ ա, թե՞ տեղում չի, ճի՞շտ նպատակով ա օգտագործվել, թե՞ ճիշտ նպատակով չի օգտագործվել․․․ Սա ըստ էության վերահսկողության մի մեխանիզմ ա, որի արդյունքում մեխանիզմը հասնելու է էնտեղ, որ էդ «Իսկանդերը» օգտագործելիս մի հատ ճշտես՝ հա կասեն, թե չէ կասեն»:

Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ընդդիմադիրների բարձրացրած աղմուկը անտեղի համարեց՝ շեշտելով, նման ընթացակարգը ընդունված է միջազգային պրակտիկայում․ - «Շատ երկրներ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով միմյանց հետ աշխատելիս այս պրակտիկան լայնորեն կիրառում են: Մեր պարագայում Ռուսաստանի Դաշնության հետ առաջացել է այս համաձայնագիրը այն բանով, որ մենք վերջին շրջանում շատ ավելի լայն ծավալի և մեծ ծավալի զենք և զինամթերք ենք սկսել ձեռք բերել»:

Նրա խոսքով, համաձայնագրում «նպատակային օգտագործում» եզրույթը նշանակում է, որ մատակարարված զենքը հետագայում այլ երկրի չի փոխանցվի կամ չի վաճառվի․ - «Խնդիրը ոչ թե էն է՝ գնաս ստուգես ում վրա կրակեց, ում վրա չկրակեց, այլ խնդիրը էն է, որ զենքի առկայությունը լինի տվյալ զինված ուժերի սպառազինության մեջ: Սա է հիմնականում ստուգվում: Թե չէ, բնականաբար, բոլորին հայտնի է, որ զենքը ձեռք են բերում կա՛մ պաշտպանական, կա՛մ հարձակողական նպատակներով»:

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը («Ելք») նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք համաձայնագրի վավերացումը չի վտանգի Հայաստան - Ղարաբաղ ռազմական համագործակցությունը, մասնավորապես, ինչպես է դիտարկվելու, եթե այս պայմանագրի շրջանակներում գնված զենքը տեղակայվի Արցախի Հանրապետությունում: Նահապետյանի պատասխանը․ - «Ռազմական նշանակության արտադրանքը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շահերից ելնելով: Կարծում եմ, լրացուցիչ պարզաբանման կարիք չկա, որ այդ շահերը կարող են ավելի լայն ընկալվել, և, բնականաբար, մենք կարող ենք նաև լուծել այն խնդիրը, որի մասին քիչ առաջ գործընկեր պատգամավորներից մեկը հարց բարձրացրեց»:

Համաձայնագրի վավերացման մեջ լուրջ վտանգներ չի տեսնում նաև քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Չեմ կարծում, որ սա այն համաձայնագիրն է, որ Հայաստանին կաշկանդելու է պաշտպանական գործողություններում կամ պատժիչ, կանխարգելիչ գործողություններում, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի սահմանին կամ Արցախում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:

Բադալյանը, սակայն, օբյեկտիվ է համարում ռուսական կողմի հետ ցանկացած համաձայնագրի շուրջ առաջ եկող կասկածներն ու մտահոգությունները․ - «Որովհետև դրանք առաջանում են առաջին հերթին հենց հայ-ռուսական հարաբերության բնույթից, մինչ այժմ տեղի ունեցած նախադեպերից, երբ այդ հարաբերությունը պարզապես թողնում է տպավորություն, որ Ռուսաստանը թելադրում է մի բան, և Հայաստանը կատարում է էդ թելադրածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG