Մատչելիության հղումներ

Խամենեի. Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեն դավաճանություն էր ողջ տարածաշրջանի հանդեպ


Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Թեհրան, 4-ը հոկտեմբերի, 2017թ․
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Թեհրան, 4-ը հոկտեմբերի, 2017թ․

«Իրաքյան Քուրդիստանը կարող է նոր Իսրայել դառնալ», - չորեքշաբթի երեկոյան Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Իսլամական հանրապետության ղեկավարի հայտարարությունը մեջբերում է Իրանի պետական հեռուստատեսությունը:

«Այաթոլա Խամենեին նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Քուրդիստանում կայացած հանրաքվեն նախևառաջ բխում է Ամերիկայի և Իսրայելի շահերից: Այդ ուժերը ցանկանում են մեր տարածաշրջանում նոր Իսրայել ստեղծել: Քրդերի` Իրաքից անջատվելու մասին հանրաքվեն դավաճանական գործողություն էր ողջ տարածաշրջանի հանդեպ», - Ալի Խամենեիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստատեսությունը:

Քրդերի հասցեին բավական կոշտ արտահայտություններ էին հնչում նաև Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր երկու պետությունները չեն հանդուրժի արտերկրի դավադիր ուժերի կողմից տարածաշրջանում էթնիկ և կրոնական լարվածության սաստկացմանն ուղղված գործողությունները: Իրանը և Թուրքիան որևէ պարագայում չեն հանդուրժի նաև մեր տարածաշրջանի մասնատումը: Մեր երկու պետություններն էլ վստահ են` Իրաքը ինքնիշխան և միասնական պետություն է, Սիրիան` նույնպես: Որևէ պարագայում մենք թույլ չենք տա աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն», - հայտարարում էր Իրանի նախագահը:

Պակաս կոշտ չէին Թուրքիայի նախագահի՝ երեկ Թեհրանում հնչեցրած հայտարարությունները: Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանի պետությունները չեն պատրաստվում հաշտվել սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի արդյունքների հետ:

«Միանշանակ է, որ այս հանրաքվեն մեզ համար որևէ օրինական ուժ չունի: Դուք արդեն տեղյակ եք, որ Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Իրաքի կենտրոնական կառավարությունը հակաքայլեր են իրականացնում: Հետագայում այլ, ավելի կոշտ քայլեր ևս կիրագործվեն», - հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը:

Հասան Ռոհանիի խոսքով էլ՝ առաջիկայում Մերձավոր Արևելքում ճգնաժամերի հաղթահարման հիմնական բեռը մի քանի պետություններ են իրենց ուսերին վերցնելու:

«Մեր երկու պետությունների` Թուրքիայի և Իրանի վերջնական նպատակը ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումն է, անվտանգ միջավայրի ստեղծումը: Այդ նպատակին մենք պետք է հասնենք նաև Սիրիայում` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության միջոցով: Իրաքյան Քուրդիստանի խնդրում եռակողմ համագործակցություն պետք է ծավալեն Իրանը, Թուրքիան և Իրաքը», - նշում էր Իրանի նախագահը:

Նույն ժամերին, երբ Թեհրանում բանակցում էին Իրանի և Թուրքիայի նախագահները, իրաքյան Քուրդիստանում ստեղծված կացությանը Մոսկվայում անդրադառնում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք չենք միջամտում այդ գործընթացներին: Այդ իսկ պատճառով էլ մեր հայտարարությունները շատ զգուշավոր են և կշռադատված: Դրանց նպատակը իրադրությունը չպայթեցնելն է: Մեր նպատակն է, որպեսզի կողմերը նույնիսկ ամենակոնֆլիկտային, բարդ իրավիճակներում կարողանան համագործակցության և փոխշահավետ լուծումների տանող ուղիներ գտնել», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը` դիմելով Մոսկվայում կազմակերպված էներգետիկ համաժողովի մասնակիցներին:

Թուրքիայի նախագահի Թեհրան այցի մյուս առանցքային օրակարգային թեման երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն էր: Էրդողանի խոսքով՝ Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակ թվային ցուցանիշների հասնելու մասին:

«Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի մինչև Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի մյուս նիստը Իրանի և Թուրքիայի երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնի 30 միլիարդ դոլար ցուցանիշին: Որպեսզի մեր տնտեսական հարաբերությունները չտուժեն տարադրամի փոխարժեքի տատանման հետևանքով, մենք որոշել ենք կյանքի կոչել [Թուրքիայի և Իրանի] ազգային տարադրամներով երկկողմ առևտուրը կազմակերպելու պրակտիկան», - հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG