Մատչելիության հղումներ

Հարցվածների շուրջ 30 տոկոսի կարծիքով` Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը. Ստեփան Գրիգորյան


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումների մասնակիցների միայն 34.33 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից երկիր, հարցվածների շուրջ 30 տոկոսի կարծիքով էլ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի, հարցումներն իրականացվել են Հայաստանի մոտ վեց քաղաքներում ու մի քանի գյուղերում։

«Այն վերջին ժամանակվա փոփոխությունները, որոնք կատարվեցին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմը, Ռուսաստանի պահվածքը, Ռուսաստանի զենք ծախելն Ադրբեջանին ու հիմա Թուրքիային, պարզ է, որ չէին կարող մեր հասարակության տրամադրությունների վրա չազդել», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ հարցումներն անցկացրել են 900 անձանց շրջանում՝ անանուն։ «Կայունությունն այդ արդյունքի գիտե՞ք ինչումն էր կայանում` 600 անկետա մենք որ ուսումնասիրեցինք, 600-ից հետո մինչև 900-ի հասնելը բան չէր փոխվում, Վայքից էր գալիս, Եղեգնաձորից, Սպիտակից, թե Գյումրուց` ընդհանուր պատկերը չէր փոխվում», - ասաց քաղաքագետը՝ նշելով, որ իր համար սպասելի էր հատկապես, որ միայն 34.33 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից երկիր։

«Ռուսաստանը պատերազմի ժամանակ չկատարեց իր ֆունկցիան, իր պարտականությունը», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Բոլոր 15 ինտերվյու անցկացնողները գիտե՞ք ինչ էին ասում՝ շատ դժվար էր ինտերվյուն անցկացնելը միայն մի պատճառով՝ Ռուսաստանին վերաբերող հարցերի ժամանակ հնչում էին շատ քննադատական խոսքեր, ես մեղմ եմ հիմա ասում։ Մարդիկ ասում էին՝ «մեր այն 100-120 զոհը հենց իրենց պատճառով է, հենց իրենց «Գրադ»-ից մեր երեխեքին սպանում էին»։ Սրանք փոխում են տրամադրությունները»։

Ստեփան Գրիգորյանը նշեց՝ Հայաստանի հանրությունը քննադատական է տրամադրված Ռուսաստանի հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG