«Կարծում եմ՝ այն նպատակը, որն իր առջև դրել էր «Ելք» խմբակցությունը, հիմնականում իրականացավ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եղավ մանրամասն քննարկում, նաև արտահերթ կարգավիճակով հարցը մտավ Ազգային ժողովի օրակարգ և քննարկվեց»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, շարունակելով․ «Վստահ եմ, որ որևէ նորմալ բան չէր ավելանալու, եթե նույնիսկ այդ հանձնաժողովը ստեղծվեր»:
Խորհրդարանն այսօր 7 կողմ, 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք»-ի նախագիծը:
«Առաջին իսկ պահից համոզված եմ, որ նաև «Ելք» խմբակցության պատգամավորները գիտեին իրենց նախաձեռնության ճակատագիրը: Այնպես որ՝ խոսակցություն եղավ, կարծում եմ՝ իրենք բավարարված պետք է լինեն, նկատելի եղավ նաև, որ Հայաստանի որոշ շրջանակներում կան նման տրամադրություններ:
Նաև բնական է, որ առնվազն քաղաքական կոալիցիան պետք է դեմ քվեարկեր, որովհետև ոչ դրա ժամանակն է, ոչ էլ այսօր դրա նպատակահարմարությունը կա»,- շարունակեց Վարդանյանը, նշելով, որ դա նպատակահարմար չէր լինի նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի առաջիկա ստորագրման համատեքստում:
Աղվան Վարդանյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում