Մատչելիության հղումներ

Անկարան իր քաղաքացիներին հորդորում է «չայցելել օկուպացված ադրբեջանական տարածքներ»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին կոչ է անում «չայցելել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ»: Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն, «Ադրբեջանին պատկանող այդ շրջաններ այցելությունն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության հակասում է միջազգային իրավունքի նորմերին և, ըստ ադրբեջանական օրենքների, կարող է հանգեցնել տարբեր պատժամիջոցների կիրառմանը»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև զգուշացնում է, որ «անհրաժեշտության դեպքում չի կարող պատշաճ հյուպատոսական պաշտպանություն ապահովել օկուպացված տարածքներ այցելած իր քաղաքացիների համար»՝ հորդորելով խուսափել նման ուղևորություններից:

Անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, թուրք հասարակական գործիչներ, գրողներ, լրագրողներ Էրոլ Քաթըրջըօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Ալի Բայրամօղլուն այցելել էին Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այդ այցի առթիվ քրեական գործ էր հարուցել՝ վերջիններիս ներկայացնելով երկրի պետական սահմանը խախտելու մեղադրանք: Ադրբեջանական պատկան մարմինները թուրք մտավորականներին կալանավորելու որոշում են կայացրել, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը նրանց ներառել է հայտնի «սև ցուցակի» մեջ:

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մյուֆթյուօղլուն հայտարարել էր, թե «առանց պաշտոնական մարմինների հետ խորհրդակցելու Թուրքիայի չորս քաղաքացիների այցելությունը օկուպացված ադրբեջանական տարածքներ ոչ մի կերպ չի արտահայտում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG