Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է. Միլան Շտեխ


Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել, և հավելել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է:

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են և արժանի են անկախ ու խաղաղ կյանքի», - ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG