Մատչելիության հղումներ

Հզորության համար Հայաստանին հենց հիմա խոչընդոտում է ԵԱՏՄ-ն. Գևորգ Գորգիսյան


Եթե ԵՏՄ-ից դուրս գալու հարցը միանգամից կապվում է Հայաստանի անվտանգության հետ, ուրեմն դուրս է գալիս, որ Հայաստանին ԵՏՄ-ում պահում են շանտաժով։ Այսօր այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մենք պետք է այստեղ հասկանանք՝ մենք գործ ունենք ռազմավարական գործընկերո՞ջ հետ, թե՞՝ նվաճողական ինչ-որ պետության հետ, ով մեզ հետ շանտաժի լեզվով է խոսում», - ասաց Գորգիսյանը։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագծին։

Իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ, ԵԱՏՄ), ապա տնտեսական շրջափակումը շատ ավելի կխորանա, տնտեսական իրավիճակը շատ ավելի կլրջանա, արտագաղթն ուժգին կաճի։

Գորգիսյանի համոզմամբ, ժողովրդին ինչ-որ բանով անընդհատ մանիպուլյացիաների են ենթարկում, վախեցնում են։

«Այս ամենն այն հերթական մանիպուլյացիաների մասին է, որ մենք ասում ենք։ Այսինքն՝ ժողովրդին անընդհատ վախեցնում են ինչ-որ բանով։ Այդ ամենը կարող է և տեղի չունենալ, եթե նրանք կարողանան ճիշտ ամեն ինչ անել։ Սա խոսում է հենց իրենց ապաշնորհության մասին։ Փաստորեն՝ Գագիկ Մելիքյանն ի սկզբանե խոստովանել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հանրապետական կուսակցության ձևավորած, ապաշնորհ է և չի կարող միջազգային հարաբերություններում պաշտպանել Հայաստանի շահը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Այն մարտահրավերները, որ ինքը նշել է, կա, կար և կա առանց ԵԱՏՄ մտնելու և ԵԱՏՄ մտնելով»։

Գորգիսյանի խոսքով՝ ԵԱՏՄ մտնելով Հայաստանն առևտրային հարաբերություններ ունի միայն Ռուսաստանի հետ։ «Այդ հարաբերությունները մենք մինչ այդ էլ ունեինք, բայց չէինք օգտագործում, և որպես պատճառաբանություն բերվում էր, որ կային մաքսային խոչընդոտներ։ Այսինքն՝ Ռուսաստանում կար մաքսային կոռումպացված համակարգ, որն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական ապրանքի` Ռուսաստան մուտք գործելու համար։ ԵԱՏՄ պայմանագիր ստեղծելուց հետո ուղղակի սկսել են նորմալ գործել այդ կառույցները, և սա բացատրվում է, որ ԵԱՏՄ-ում մենք ունեցանք ինչ-որ ձեռքբերումներ։ Մենք կարող էինք մինչ այդ էլ պահանջել, որպեսզի այդ կառույցներն ինչպես հարկն է գործեն, և առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգանային», - ասաց Գորգիսյանը։

Ռուսաստանին պետք է հզոր Հայաստան, նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Իսկ այդ հզորության համար Հայաստանին հենց հիմա խոչընդոտում է ԵԱՏՄ-ն, որովհետև առանց հզոր տնտեսության մենք չենք կարող ունենալ հզոր պետություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG