Մատչելիության հղումներ

Երևանում երկու դեղատներից կատարված կողոպուտները բացահայտվել են. ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքի երկու դեղատներից կատարված կողոպուտները, պարզվել է, որ դրանք կատարվել են նույն անձի կողմից: Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

2017 թվականի հունվարի 11-ին և մարտի 3-ին Երևանում գործող երկու տարբեր դեղատներից հափշտակվել են դրամարկղերը: Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ երկու դեղատներից կողոպուտ կատարած անձը հանդիսանում է նույն անձը՝ ծնված 1970 թվականին՝ Ուկրաինայում, Հայաստանի քաղաքացի:

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 47-ամյա տղամարդը 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, մոտեցել աշխատակցուհուն և վերջինիս ներկայությամբ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը, որում եղել է զգալի չափի կանխիկ գումար և հեռացել: Մոտ երկու ամիս անց՝ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ի սահմաններում, մուտք է գործել Երևանում գործող մեկ այլ դեղատուն և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է խոշոր չափի կանխիկ գումար և դիմել փախուստի», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Նշված երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ «կողոպուտը, որը կատարվել է խոշոր չափերով և զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG